211652_close_icon
views-count1582 դիտում article-date 16:12 08-06-2016

Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացված է. ՀՀ ԱՆ

Նյու Յորքում գտնվող ՀՀ պատվիրակությունը հունիսի 7-ին մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման շրջանակում ԱՀԿ-ի կողմից կազմակերպված Մորից երեխային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի փոխանցման վերացում. տոնելով երկրի հաղթանակը խորագրով միջոցառմանը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Ռեն Մինխոյը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Ջասթին Ֆորսիդը, ԱՀԿ-ի Հարավարևելյան Ասիայի երկրների տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Փունամ Քեթրապալ Սինկխը: Իր ելույթում Ռեն Մինխոյն ասաց, որ մորից երեխային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի փոխանցման վերացումը հանրային առողջապահության զգալի նվաճումներից է, և այսօր մենք տոնում ենք Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Թայլանդի հաջողություններն այս ոլորտում: Միշել Սիդիբեն շնորհակալություն հայտնեց երկրներին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման երազանքն իրողություն դարձնելու համար, ինչը նշանակում է, որ հնարավոր է ունենալ ՄԻԱՎ-ից զերծ հասարակություն: Ջասթին Ֆորսիդը ևս շնորհավորեց երկրներին՝ նշելով, որ թեև Հայաստանը ՄԻԱՎ-ի ցածր տարավածություն ունեցող երկիր է, բայց շնորհիվ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության, անտենատալ խնամքի ու ՄԻԱՎ վարակի բուժման ոլորտներում բարձր մակարդակի հանձնառության` հասել է հաջողության, և վերջին 8 տարիների ընթացքում երկրում չի գրանցվել ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում ստացած հղիներից ծնված երեխաների շրջանում մորից երեխային ՄԻԱՎ վարակի որևէ դեպք: «Մենք շարունակելու ենք աշխատանքներ իրականացնել մինչ 2030թ. համաճարակը կասեցնելու համար, և այս 4 երկրների հաջողությունը ցույց է տալիս, որ դա հնարավոր է»,- նշեց Ջասթին Ֆորսիդը: Այնուհետև երկրներին, դրանց թվում Հայաստանի Հանրապետությանը, տրամադրվեցին համապատասխան հավաստագրեր, ինչին հաջորդեցին հավաստագրեր ստացած երկրների ներկայացուցիչների ելույթները: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր շնորհակալական խոսքում նշեց, որ ԱՀԿ-ի վալիդացիայի գլոբալ կոմիտեի կողմից հաստատված ձեռքբերումը երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է և վկայում է այն մասին, որ ՁԻԱՀ-ի և նախածննդյան խնամքի արդյունավետ ծառայությունների, ինչպես նաև մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման ինտեգրված համակարգի ստեղծմանն ուղղված նպատակային ջանքերն ու հետևողական քայլերը վերջին 15 տարիներին մեր երկրում տվել են իրենց պտուղները: Երկրում ստեղծված են ՄԻԱՎ վարակի համաճարակի արդի մարտահրավերներին արձագանքման համարժեք կառույցներ: Նա նաև նշեց, որ մոր և մանկան առողջության պահպանումը, այդ թվում ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից առողջ երեխաների ծնունդը, Հայաստանի առողջապահական համակարգի գերակա խնդիրներից են և այսպիսի կարևոր հավաստագիր ստանալը ինքնանպատակ չէ: «Այսուհետ մենք կշարունակենք հետևողական ջանքեր գործադրել ձեռք բերած կարգավիճակը պահպանելու համար», - ասաց նախարարը: Իր ելույթի վերջում Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործընկերներին, Գլոբալ հիմնադրամին ՄԻԱՎ վարակին հակազդման ազգային ռազմավարությունների իրականացմանը ցուցաբերվող անգնահատելի աջակցության և բեղմնավոր համագործակցության համար: «Այսօր մենք միասին փոխում ենք համաճարակի զարգացման հետագիծը և որպեսզի այն չվերադառնա ու դուրս չգա հսկողությունից, պետք է փոխել այն մեկընդմիշտ», - եզրափակեց նախարարը:

Նմանատիպ նյութեր