Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը, ով Հայաստանում է Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, այսօր այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նրան ուղեկցել են ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հուշահամալիրի ծառուղում, հաստատված ավանդույթի համաձայն ծառը տնկելուց հետո Մ. Զեմանն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ ցուցադրված են «Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործության հեղինակ, ծնունդով Պրահայից Ֆրանց Վերֆելի լուսանկարները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեխիայի նախագահը հայտարարել էր, որ Չեխիան առաջիկայում պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: