211652_close_icon
views-count1772 դիտում article-date 12:18 08-06-2016

Տիգրան Մանսուրյանը՝ երիտասարդներին. «Մեծ հաճույքով ձեր տեղը կնստեի և կլսեի մեկ ուրիշ Տիգրան Մանսուրյանի»

Հունիսի 7-ին «Բար Կարոլա» ակումբում կազմակերպվող մշակութային բուհերի ուսանողների հերթական հանդիպումն էր արվեստի նշանավոր ներկայացուցիչների հետ. այս անգամ երիտասարդների հյուրն էր սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Միջոցառումը կազմակերպել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մշակութային հանձնաժողովը։ Մաեստրո Մանսուրյանը երիտասարդների հետ խոսեց երաժշտության, հասարակական տարբեր երևույթների մասին, պատմեց հուշեր մեր մեծերի, իր կյանքի վերաբերյալ, պատասխանեց ներկաների հարցերին։ «Մեծ հաճույքով ձեր տեղը կնստեի և կլսեի մեկ ուրիշ Տիգրան Մանսուրյանի»,- այսպես սկսեց մաեստրոն իր հանդիպումը երիտասարդների հետ։ Մանկությունը հիշելիս մաեստրոն նկատեց, որ անասելի սեր է ունեցել գրքի նկատմամբ։ Բազմաթիվ անգամներ վերընթերցել է ձեռքն ընկած ցանկացած թերթի կտոր, գիրք՝ դրանց էջերը պատռվելու աստիճան։ Կոմպոզիտորը խոստովանում է, որ դեռ մանկուց իր մոտ ստեղծագործելու մշտական ցանկություն է եղել, և գեղեցիկի արտահայտման առաջին փորձերը, քանի դեռ երաժշտության մասին պատկերացում չուներ, եղել են բանաստեղծության միջոցով։ Երկրորդ դասարանից բանաստեղծություններ է գրել մինչև 30 տարեկանը։ Անասելի սիրում է հայոց լեզուն, հայկական պոեզիան։ Տիգրան Մանսուրյանը սիրով պատմում էր երաժշտության, դաշնամուրի հետ իր առաջին հանդիպման մասին։ Պարզվում է, որ ուսուցիչ չի ունեցել։ Նոտաները, սոլֆեջո սովորել է ինքնուրույն։ Այս օրերին մաեստրոն մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում է կինոռեժիսոր Անդրեյ Կանչալովսկու կյանքը, գործերը։ Հավաքել է նրա մասին պատմող ամեն ինչ՝ ֆիլմեր, գրքեր, հարցազրույցներ, և արդեն երրորդ ամիսն է, ծանոթանում է Կանչալովսի մարդուն, նրա փիլիսոփայությանը և նրա կյանքի ամեն մի էջում հայտնաբերում իր համար ուսանելի բաներ։ «Եվ մինչև չքամեմ, հանգիստ չեմ թողնի նրան»,- ասում է կոմպոզիտորը։ Մանսուրյանն առաջին կինոերաժշտությունը գրել և կինոաշխարհում հայտնվել է 1964-ին։ «Երբ ես ֆիլմի երաժշտություն եմ գրում, ուրիշ մարդ եմ, երբ իմ երաժշտությունն եմ արարում, բոլորովին այլ մարդ եմ, ուրիշ հոգսեր, խնդիրներ ունեմ։ Եվ ամեն անգամ ֆիլմի համար մեղեդի գրելու համար քո ամբողջ հոգեբանությունը, գոյության ռելսերը պետք է փոխես, պետք է դառնաս ֆիլմերի կոմպոզիտոր։ Բայց երբ վերջացնում ես, պետք է վերադառնաս քո հուն, վերգտնես ինքդ քեզ։ Այդ անցումը մեկը մյուսին ինձ շատ էր չարչարում։ Եվ ես հրաժարվեցի կինոերաժշտությունից՝ այդ չարչարանքից ազատվելու համար»,- խոստովանում է Տիգրան Մանսուրյանը։ Երիտասարդների հարցին՝ արդյո՞ք մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա, Մանսուրյանը պատասխանեց, որ ցանկացած մարդ, անկախ նրանից մշակութային գործիչ է, թե ոչ, պետք է տեղյակ լինի իր երկրի հասարակական-քաղաքական կյանքին։ Սակայն տեսակետ հայտնելու համար պետք է համակողմանի նայես երևույթներին, ամբողջովին տիրապետես իրավիճակին։ Նա նաև նշում է, որ արվեստի ամբողջ էությունը դիմադրելն է, գոյությունը շարունակելը։ Կոմպոզիտորը երիտասարդներին խորհուրդ տվեց պահպանել մեր արժեքները, փոխանցել դրանք սերունդներին, չդավաճանել ինքներս մեզ, իհարկե նաև ճանաչել ամբողջ աշխարհը։ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպություն

Նմանատիպ նյութեր