211652_close_icon
views-count1957 դիտում article-date 23:09 23-05-2016

Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին անելու է առավելագույնը` կյանքի կոչելու Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները. Էդվարդ Նալբանդյան

Մայիսի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին և ելույթ ունեցան ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Ելույթ ունենալով հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդանն ընդգծեց, որ Ռիգայի գագաթաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագիրը վերահաստատեց փոխադարձ հետաքրքրությունների և հանձնառությունների վրա հիմնված գործընկերության մեր ընդհանուր տեսլականը և նախանշեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցության առավել զարգացման և ամրապնդման հիմնական ուղղությունները։ Խոսելով Հայաստան-Եվրոպական միություն քաղաքական երկխոսության մասին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ նախորդ տարին բավականին հագեցած էր, և հավելեց. «Նախորդ դեկտեմբերին ես պատիվ ունեցա բարձր ներկայացուցիչ Մոգերինիի հետ միասին ազդարարելու Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: Այն հնարավորություն կտա ընդհանուր արժեքների և յուրաքանչյուրիս որոշումների և ընտրությունների հանդեպ հարգանքի հենքի վրա մեր հարաբերությունների նոր և ամուր իրավական հիմք ձևավորել: Նոր համաձայնագիրը կարտացոլի մեր հարաբերությունների խորությունն ու էությունը և կուրվագծի փոխշահավետ, խորը համապարփակ փոխգործակցության նոր ուղեցույցները։ Արդեն անցկացվել է բանակցությունների երեք փուլ»։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ նաև Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայմանը. «Երբ ԵՄ խորհուրդը հաստատեց վերանայված քաղաքականությունը, մենք գոհունակությամբ արձանագրեցինք, որ գործընկեր պետությունների նկատմամբ կիրառվելու է տարբերակման սկզբունքը և համապատասխան անհատական մոտեցում է ցուցաբերվելու` նկատի ունենալով ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում հանձնառությունների իրականացման առաջընթացը»: Ելույթում ԱԳՆ ղեկավարն անդրադարձավ նաև ղարաբաղյան հիմնախնդրին՝ շեշտելով հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ռիգայի գագաթաժողովի համատեղ հչռակագրի լիակատար աջակցությունը, և հավելեց. «Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև անցյալ շաբաթ կայացած հանդիպումը արդյունավետ էր՝ հստակ համաձայնություններով և հանձնառություններով, ներառյալ՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ իրականացումը, հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը։ Ցավոք, հանդիպումից ընդամենը օրեր անց ադրբեջանական պաշտոնյաները դրա արդյունքը կասկածի տակ դնող ապարդյուն փորձեր են կատարում` ներկայացնելով իրենց սեփական խեղաթյուրված մեկնաբանությունները, որոնք հակասում են հանդիպման արդյունքների վերաբերյալ համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված համատեղ հայտարարությանը: Բաքուն շինծու մեղադրանքներով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը ադրբեջանական զինուժի կողմից գործած հանցագործություններից, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների աղաղակող փաստերից։ Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին անելու է առավելագույնը` կյանքի կոչելու Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները և շարունակելու ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը»։ Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում կարևորեց Արևելյան գործընկերության դերը ժողովրդավարության ամրապնդման, շուկայական տնտեսության զարգացման, մակրոտնտեսական կայունության ու գործարար միջավայրի բարելավման, ինչպես նաև շարժունակության ու մարդկանց միջև շփումների ընդլայնման հարցում և նշեց, որ այն բացում է բազմակողմ համագործակցության նոր հեռանկարներ և տրամադրում մեր կարողությունները լավագույնս օգտագործելու հնարավորություն: Նախարար Նալբանդյանն անդրադարձավ նաև ԵՄ հետ մի շարք ոլորտներում արդեն իսկ հաստատված համագործակցությանը. «Փոքր և միջին ձեռնարկությունների «COSME» ծրագրին Հայաստանի մասնակցության մասին համաձայնագիրը ստորագրվեց անցյալ տարի: Մի քանի օր առաջ Հայաստանը միացավ «Հորիզոն 2020» հետազոտությունների և նորարարության հանրային ֆինանսավորման ծրագրին, որը կընդլայնի Հայաստան-ԵՄ համագործակցությունը գիտական և նորարարական կարողությունների զարգացման ոլորտում: Տրանսպորտի ասպարեզում համագործակցության զարգացումը նույնպես մեր օրակարգում է, և մենք ակնկալում ենք հնարավորինս շուտ սկսել Միասնական օդային տարածքի ձևավորման շուրջ բանակցությունները: Հայ ուսանողներն ակտիվորեն օգտվում են «Erasmus+»-ից, և մենք ակնկալում ենք ընդլայնել համագործակցությունը՝ միտված Բոլոնիայի գործընթացի համար համապատասխան կարողությունների ամրապնդմանը: Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովը, որն անցյալ տարի անցկացվեց Երևանում, լավ հնարավորություն ընձեռեց այս ուղղությամբ հետագա քայլերի համար: Մենք նաև սկսել ենք քննարկումները՝ Ստեղծագործ Եվրոպա ծրագրին միանալու շուրջ, որն առաջարկում է առավել լայն շրջանակ՝ մշակութային փոխանակությունների համար: Հայաստանը գնահատում է գյուղատնտեսական և գյուղի զարգացման ոլորտին ուղղված ԵՄ աջակցությունը և ակնկալում է առավել լայն համագործակցություն՝ գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ոլորտում արդիականացման և հետագա բարեփոխումների խթանման հարցում, ներառյալ՝ «ENPARD» ծրագրերի շրջանակներում: Շարժունակության ընդլայնումը շարունակում է մնալ մեր հասարակություններն առավել մերձեցնելու կարևոր նախադրյալներից մեկը: Շարժունակության վերաբերյալ վերջերս Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը մեզ թույլ տվեց ամփոփելու ավելի քան երկու տարվա գործունեությունը և գնահատելու ապագա առաջնահերթությունները: Ե՛վ Հայաստանը, և՛ Եվրոպական միությունը Հետընդունման և Մուտքի արտոնագրի դյուրացման վերաբերյալ համաձայնագրերի իրականացումը հիմնականում հաջողված են դիտարկում: Մենք կարևորում ենք մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությունը: Քաջ գիտակցելով, որ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը համապարփակ գործընթաց է` մենք այն նաև որպես լրացուցիչ խթան ենք դիտարկում` մի շարք ոլորտներում բարեփոխումները և ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ԵՄ հետ մարդու իրավունքների շուրջ արդյունավետ երկխոսության մեջ և առանձնահատուկ կարևորություն է տալիս արդյունավետ կառավարման ամրապնդման, դատական, հակակոռուպցիոն բարեփոխումներում համագործակցության խորացմանը: Այս նպատակով մենք սերտորեն աշխատում ենք նաև այլ միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի: Երկու օր առաջ մենք մեկնարկեցինք 2015-2018թթ. Գործողությունների ծրագիրը, որն իրականացվելու է նաև ԵՄ աջակցությամբ: Հայաստանը ակտիվորեն համագործակցում է խորհրդարանական ձևաչափով՝ Եվրանեսթի և Խորհրդարանական համագործակցության կոմիտեի շրջանակներում, ինչպես նաև՝ տեղական իշխանությունների մակարդակով»: Եզրափակելով՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանն ակնկալում է բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով զարգացնել ու խորացնել համապարփակ համագործակցությունը և՛ Արևելյան գործընկերության, և՛ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում` հիմնվելով վերջին տարիների ձեռքբերումների վրա և պատշաճ կերպով նկատի ունենալով այլ ինտեգրացիոն ձևաչափերում մեր հանձնառությունները:

Նմանատիպ նյութեր