211652_close_icon
views-count1111 դիտում article-date 16:42 23-05-2016

Առողջապահության ոլորտի համաշխարհային նշանակության խնդիրները կքննարկվեն ԱՀԿ ասամբլեայի 69-րդ նիստում

Այսօր Ժնևում մեկնարկելու է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 69-րդ նիստը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարձրագույն վեհաժողովը միավորում է բոլոր անդամ պետություններին: Նիստի ընթացքում կքննարկվեն առողջապահական տեսանկյունից առավել անվտանգ միջավայր ստեղծելու կարևոր նախադրյալները, համաշխարհային նշանակության առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև կմշակվեն աշխատանքի ուղղություններ, որոնք ցանկալի են, որպեսզի անդամ երկրներն ապագայում իրականացնեն: Ասամբլեային որպես հրավիրված փոխնախագահ մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Ի դեպ, Հայաստանն առաջին անգամ է մասնակցում նիստին փոխնախագահող երկրի կարգավիճակով: ՀՀ առողջապահության նախարարը հանդես կգա որպես եվրոպական տարածաշրջանի կողմից առաջադրված ասամբլեայի փոխնախագահ: Համաձայն կանոնադրության` Առողջապահության համաշխարհային ասամբլեան ընտրում է նախագահ և հինգ փոխնախագահ` ԱՀԿ յուրաքանչյուր տարածաշրջանից: Յուրաքանչյուր փոխնախագահ համանախագահելու է առողջապահության ասամբլեայի նիստեր: Հանդես գալով որպես փոխնախագահ` ՀՀ առողջապահության նախարարը նաև գլխավոր կոմիտեի անդամ է: ԱՀԿ ասամբլեայի 69-րդ նիստը կանցկացվի մայիսի 23-28-ը:

Նմանատիպ նյութեր