211652_close_icon
views-count14573 դիտում article-date 09:37 20-05-2016

Ինչո՞ւ այդ ժամանակ կամավորականներին ու երկրապահներին չէիք ասում, թե՝ «տուն գնացեք, դուք պետք չեք». գեներալ-մայոր Վարդան Ավետիսյան

[b]ՉԵ´Մ ԸՆԴՈՒՆՈՒՄ[/b] Պատերազմի ավարտից, թշնամուն լոկ մի քանի ժամով գրավված խրամատներում սատկացնելուց, հրանոթների լռելուց հետո դրանցից բարձր գոռող ու գոչողներին չե´մ ընդունել ու երբե´ք չեմ ընդունելու: Չե´մ հասկանալու նրանց, ովքեր իրենց թաքցրած ստոր նախանձով, բարու և ուժեղի նկատմամբ միայն չարակամին, նենգ ու չնչին հաշվարկներով առաջնորդվող թուլակամին բնորոշ ատելությամբ էին հետևում ապրիլի 2-ից ի վեր ողջ Հայաստանով սկիզբ առած կամավորականների ինքնաբուխ ռազմերթին, որի նպատակն ու վերջնակետն արկերից ավերվող խրամատներում կռվող զինվորների կողքին կանգնելն էր: Այսօր հրադադարի պահպանման հույս կա, կամավորականները խրամատներից տուն են գալու, և արդեն կարելի է աշխարհի բոլոր մեղքերը վերագրել նրա՞նց ու տեսախցիկների առջև չեղած բաների մասին «համարձակ» հարցազրույցներով հանդե՞ս գալ: Մի քիչ շո՞ւտ չի: Վիեննայում Հանրապետության Նախագահի հանդիպումների մասին լսելուց հետո գոնե մի երկու շաբաթ էլ համբերեիք ու նոր սկսեիք: Համեստ մասնակցություն ունենալով Արցախյան ազատամարտին, կամավորների նկատմամբ այս ամբողջ զրպարտանքներն ու վատաբանությունները ես դեռ ա´յն ժամանակ եմ տեսել` յուրաքանչուր հաջող ռազմագործողությունից հետո: Բայց ցավում եմ, որ նման անբարո գործելակերպով առանձնացողին տրվող «փոխանցիկ դրոշը» վերցնում է նա, ում նկատմամբ խորին հարգանք ունեմ: Ապրիլի 3-ին, երբ կամավորականներն ու երկրապահներն իրենցով լցնում էին ծանր հրետանու և հրանետային կայանքների հարվածներին ենթարկվող խրամատները, ինչո՞ւ այդ ժամանակ նրանց չէիք ասում, թե «տուն գնացեք, դուք պետք չեք»: Արցախյան ազատամարտում գրեթե բոլոր խոշոր ռազմագործողություններին մասնակցել եմ և´ որպես զինվոր, և´ որպես հրամանատար ու դիրքերն էլ, այնտեղ տանող ճանապարհներն ու կածաններն էլ վստահաբար շատ ու շատերից լավ գիտեմ: Առավել ևս, որ հետո շուրջ տաս տարի շարունակ ղեկավարելով Պաշտպանության բանակի գրեթե բոլոր խոշոր զորամասերը` հազարավոր զինվորների հետ հազար ու մի առաջադրանք և հանձնարարություն եմ կատարել: Ու հիմա ո´չ թե տեսախցիկի առջև անհասցե կերպով դիմում եմ ողջ ժողովրդին, այլ հակառակորդի կրակի ներքո միասին գրոհի գնացած, խրամատ փորած ու ականներ տեղադրած իմ զինակից ընկերներին ու զինվորներին, որոնցից շատերն ապրիլի սկզբին վերստին մեկնեցին Արցախի սահմաններ: Պարզ ու մարդկային կերպով ասում եմ. մի´ ընդունեք զրպարտիչներին, ովքեր կամավորականներին փնովելով, իրականում բռնել են ոչ թե դիրքեր տանող, այլ ձեր, ավագ եղբայրների ու հայրերի հպարտությունը սեփականելու, կամավորական հորն ու պապին սպասող երեխայի կարոտը թունավորելու, համախմբվելու փոխարեն հայ ժողովրդին ու Հայկական բանակը մասնատելու, և ամբողջական զորամիավորում առաջնագծից ետ ուղարկելու կոչերով հակառակորդին ու նրա մամուլին անսպառ նյութ մատակարարելու մերժելի ճանապարհը: [b]ՉԸՆԴՈՒՆԵ´Ք ԵՎ ՉՀԱՎԱՏԱ´Ք ԴՐԱՆՑ: ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ [/b]

Նմանատիպ նյութեր