211652_close_icon
views-count137037 դիտում article-date 09:22 19-05-2016

Կրակոցներ, սպանություն Ալավերդի քաղաքում. կա 1 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 19-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին Ալավերդի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակով շտապօգնության հերթապահ խումբը հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի և Թումանյանի քննչական բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին, ով հրազենային վնասվածքներ է ստացել, տեղափոխվել է Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկ 22/10 շենքի բակից: Նա Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 34-ամյա Էդվարդ Պողոսյանն է: Վերջինիս տեղափոխել են Երևան: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նաև հրազենային վնասվածքներից մահացած տղամարդու դի: Պարզվել է, որ նա Ալավերդի քաղաքի բնակիչ, 41-ամյա Վարդան Ավագյանն էր: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված պարկուճներ: Տեղում մարզի քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի կարգադրությամբ Թումանյանի քննչական բաժնի ավագ քննիչ Արարատ Ուլիխանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, փորձաքրեագետները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր