211652_close_icon
views-count5540 դիտում article-date 22:16 18-05-2016

Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում տեղի ունեցավ Սբ. Սերվատիուսի հիշատակին կանգնեցված խաչքարի բացման արարողությունը

Մայիսի 15-ին Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում՝ Սբ. Սերվատիուսի տաճարի մոտ, տեղի ունեցավ հայ-նիդերլանդական բարեկամությունը խորհրդանշող, Սբ. Սերվատիուսի հիշատակին կանգնեցված խաչքարի բացման արարողությունը: Բացումը կատարեցին Մաստրիխտի քաղաքապետ, տիկին Պեն-տե Ստրակեն և Մաստրիխտի «Անի» հայ համայնքի նախագահ Լևոն Սարգիսը: Իր ելույթում քաղաքապետը նշեց ինչպես Սբ. Սերվատիուսի, այնպես էլ այսօր նրա հայրենակիցների կարևոր ներդրումը Մաստրիխտ քաղաքի կյանքում: Այնուհետև, Ռուռմոնդի եպիսկոպոս Վիրթսի և Հայր Արեն վարդապետ Շահինյանի կողմից կատարվեց խաչքարի օծման արարողությունը: Ներկաներին իր խոսքն ուղղեց նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: ՀՀ դեսպանը, մասնավորապես, շեշտեց խաղաղության, սիրո ու կարեկցանքի, ազնվության ու աշխատասիրության արժեքներով առաջնորդվող Սբ. Սերվատիուսի այսօրվա ժառանգների՝ հայ համայնքի ներկայացուցիչների համար իրենց երկրորդ տունը դարձած Նիդերլանդների ու նրա ժողովրդի ջերմ ու գրկաբաց վերաբերմունքի, իրենց նախնու ոգով ստեղծագործելու ու բարգավաճելու հնարավորություն տալու կարևորությունը, ի երախտագիտություն որի էլ Մաստրիխտ քաղաքին նվիրաբերվել է հայկական հողի մի մասնիկը հանդիսացող խաչքարը: Արարողությանը ներկա էին նաև Թագավորի հանձնակատար, Լիմբուրգի նահանգապետ Թեո Բովենսը, Իսրայելի հյուպատոսը, Հայաստանի, Ֆրանսիայի և Ռուսաստանի պատվո հյուպատոսները, քաղաքային և նահանգային իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ: Բացման արարողությանը նախորդեց հայազգի կղերական, 4-րդ դարում Նիդերլանդներ քրիստոնեություն բերած և հետագայում Լիմբուրգի նահանգի և Մաստրիխտ քաղաքի սուրբ հռչակված Սուրբ Սերվատիուսի հիշատակի պատարագը, որը կատարեցին Ռուռմոնդի եպիսկոպոս Վիրթսը և Մաստրիխտի վարդապետ Հանեմանը: Արարողությանը հաջորդեց Մաստրիխտում ամեն տարի անցկացվող Սբ. Սերվատիուսի օրվան նվիրված երթը, որին, ի թիվս այլոց, մասնակցեցին նաև Լիմբուրգի նահանգապետը և ՀՀ դեսպանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր