211652_close_icon
views-count1926 դիտում article-date 21:14 16-05-2016

Մեր բնակիչներն ավելի սրտացավ ու հոգատար են դարձել քաղաքի հանդեպ. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքային ջերմատուն կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև առկա կանաչ տարածքների խնամքին՝ նկատելով, որ տվյալ տարածքների ընդլայնմանը զուգահեռ այս տարիների ընթացքում կանաչապատման ձեռնարկություններում մոտ 150 նոր աշխատատեղեր են ավելացել: Տվյալ ձեռնարկություններում այսօր աշխատում են շուրջ 650 աշխատակիցներ, հունիս-հոկտեմբեր ամիսներին էլ ներգրավվում են լրացուցիչ ևս 100 ժամանակավոր աշխատակիցներ: «Օգտվելով առիթից՝ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր այդ մարդկանց, ովքեր իրենց իսկապես ծանր աշխատանքով անում են առավելագույնը, որպեսզի մեր բոլորի մեծ տունը միշտ ունենա հաճելի, կոկիկ և ներկայանալի տեսք»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը խոսել է նաև կանաչապատման հարցում բազմաթիվ տնտեսվարողների բարեխիղճ աշխատանքի և համագործակցության կարևորության մասին: «Կանաչ տարածքների պահպանման ու խնամքի հարցում կարևոր ներդրում ունեն նաև մեր շատ տնտեսվարող սուբյեկտներ, որոնք տարեցտարի ավելի ու ավելի մեծ պատասխանատվությամբ ու սրտացավորեն են մոտենում հարակից տարածքների բարեկարգման պարտադիր նորմերի կատարմանը: Անգամ մրցակցություն է նկատվում նրանց մեջ, թե տնտեսվարող որ սուբյեկտի հարակից տարածքը կլինի ավելի կանաչապատ ու բարեկարգ: Սա, անշուշտ, շատ ողջունելի է», - նշել է Տարոն Մարգարյանն ու համոզմունք հայտնել, որ նրանց օրինակը վարակիչ կլինի նաև բոլոր այն տնտեսվարողների համար, ովքեր դեռևս թերանում են պարտադիր բարեկարգման նորմերի կատարման հարցում: Քաղաքապետը նշել է, որ վերջնական նպատակը ոչ թե թերացողներին օրենքով սահմանված կարգով տուգանելը, այլ քաղաքի հանդեպ յուրաքանչյուրի սրտացավ ու հոգատար վերաբերմունքն արմատավորելն է: Քաղա քապետն առանձնակի կարևորել է նաև միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին նրանք բավականին շոշափելի մասնակցություն են ունենում համաքաղաքային նշանակության ծրագրերի իրականացման, այդ թվում նաև կանաչ տարածքների ընդլայնման և բարեկարգման հարցում:

Նմանատիպ նյութեր