Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Բաքվի անպատասխանատու քայլերը մեծ վնաս են հասցրել բանակցային գործընթացին:
ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը:
Երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ:
Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը` նկատի առնելով, որ այն հարցի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է: