211652_close_icon
views-count4667 դիտում article-date 18:23 19-04-2016

Արցախցիները բաց նամակով դիմել են Ռուսաստանի ազդեցիկ հայերին` Լևոն Հայրապետյանի հարցով

Այսօր հարյուրավոր արցախցիներ միացել են Ռուսաստանի ազդեցիկ հայերին ուղղված բաց նամակին: Նամակի հեղինակները կոչ են անում հայերին թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում անհատական և խմբային կարգով միանալ բաց նամակին՝ տարածելով դրանք սոցիալական ցանցերում: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Այն ժամանակ, երբ մեր մեծանուն հայորդի Լևոն Հայրապետյանին անարգում են ռուսական բանտում, դուք բերաններդ ջուր եք առել: Արա Աբրահամյան, որտե՞ղ է ձեր արժանապատվությունը, երբ այն գործով է պետք ապացուցել: Ռուբե՛ն Վարդանյան, Դուք, որ Լևոն Հայրապետյանի կողքից չէիք հեռանում, ո՞ւր եք կորել: Մի՞թե այդքան հեղինակազրկված է մեր կաթողիկոսի եղբայր Եզրասը, որ չի կարողանում անգամ Կիրիլի մոտ մտնել և ասել՝ այս ի՞նչ է կատարվում ձեր երկրում: Ձեր արժեքը սա՛ է, ոչ թե այն, որ ամեն տարի հայտարարվում է Կրեմլի պալատում զանազան շոուներում: Ո՞ւր են «Ֆորբսի» մեծահարուստների ցուցակներում տեղ զբաղեցնելու համար աջուձախ հպարտացող հայեր Սամվել Կարապետյանը, Դանիիլ Խաչատուրովը, Նիկոլայ և Սերգեյ Սարկիոսովները, Ալբերտ Ավդոյանը: Ո՞րտեղ է Հայրապետյանի հաշվին թատրոններ կառուցած Արմեն Ջիգարխանյանը: Որտե՞ղ է ռուսական ցարին իր նամակներով հայտնի Զորի Բալայանը: Սա չէ՞ ձեր արժեքը: Փորձը ցույց է տալիս, որ պատմությունը ձեզ ոչի՛նչ չի սովորեցնում: 100 տարի առաջ Թուրքիայում ապրող հայ մեծահարուստները ձեզանից ոչնչով չէին տարբերվում: Երբ ասում էին, որ անգամ ռուսերեն նորմալ խոսալ չկարողացող Եզրաս Սրբազանի փոխարեն պետք է մի հեղինակավոր, պատրաստված մարդ գլխավորի Ռուսաստանի թեմը, այսօրվա համար էին ասում: Այսպիսի ստրկամտություն անգամ ձեր կողմից պատկերացնելն անհնար էր: Դուք գերազանցեցիք ինքներդ ձեզ: Երբ մեզանից, ձեզանից մեկին նման ստորացման են ենթարկում, իսկ դուք մատներդ մատներիդ չեք տալիս, անգամ վախենում եք ծպտուն հանել, հավատացած եղեք՝ ձեզ սպասում է նո՛ւյնը: Ամո՛թ ձեզ, Ռուսաստանում ապրող ազդեցիկ հայ ստրուկներ: Խելքի՛ եկեք»:

Նմանատիպ նյութեր