211652_close_icon
views-count2866 դիտում article-date 22:45 18-04-2016

Կայացան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև

Ապրիլի 18-ին Երևանում Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև կայացան քաղաքական խորհրդատվություններ` երկկողմ օրակարգի, ինչպես նաև եվրասիական տարածքի ինտեգրացիոն կառույցներում փոխգործակցության հարցերի շուրջ: Հայկական կողմից խորհրդատվությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ ղազախական կողմից` ՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաևը: Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ղազախստանի միջև բազմակողմ հարաբերությունների զարգացման ներկա ընթացքն ու հեռանկարները: Այդ համատեքստում շեշտվեց արտաքին գերատեսչությունների համագործակցության կարևորությունը երկկողմ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային կառույցներում փոխգործակցության հրատապ հարցերի շուրջ` ներառյալ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում գործնական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերը: Ընդգծվեց կառուցողական արտաքին քաղաքական փոխգործակցության և ջանքերի համադրման անհրաժեշտությունը` ի շահ տնտեսական համագործակցության ընդլայնմանն ու խորացման, տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև փոխգործակցության առաջխաղացման հարցում: Կայացած խորհրդատվությունների արդյունքները պատվիրակության ղեկավարները ներկայացրին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ: ՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաևի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ապրիլի 19-ին Երևանում նախատեսվող ՀԱՊԿ անդամ-երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալների ձևաչափով խորհրդատվություններին:

Նմանատիպ նյութեր