211652_close_icon

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ

views-count2620 դիտում article-date 18:44 16-04-2016
Ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ Հայոց ցեղասպանության հուշահամալիր են այցելել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի պատգամավորները: Խորհրդարանականները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ խոնարհումով ու մեկ րոպե լռությամբ հարգել մեկուկես միլիոն նահատակների հիշատակը: Խորհրդարանական պատվիրակությունը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել 1915 թվականին կատարված ոճրագործության մասին պատմող փաստավավերագրական նյութերին: Թանգարան այցելելուց հետո ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: Լրագրողների հետ զրույցում Ալեքսանդր Չեկալինը նշել է. «Այն, ինչ տեսա ու լսեցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ինձ ցնցեց: Կատարված դաժանությունը որեւէ կերպ չի տեղավորվում մարդկային գիտակցության մեջ: Անհավատալի է, որ նման ոճրագործությունը տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում: Որքան շատ պատվիրակություններ ու քաղաքական գործիչներ լինեն այս թանգարանում, այնքան ապագայում չեն կրկնվի նման դաժանություներ, եւ չեն լինի խեղված ճակատագրեր»:

Նմանատիպ նյութեր