4630 դիտում
14:22 14-04-2016
Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ է ներկայացրել ԵՏՄ-ից դուրս գալու նախագիծ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը երեկ Ազգային ժողով է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:
Նախագիծն արդեն ընդգրկված էԱԺ պաշտոնական կայքում:
«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» նախագծի հիմնավորման մեջ հիմնավորվում է` «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս մեկ տարվա ընթացքում, փաստացիորեն, չեն իրականացվել այն քայլերը, որոնք նախատեսվում էին 2015թ․հունվարի 2-ից ուժի մեջ մտած ՀՀ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրով նախատեսված դրույթները:
Դրանք են`
-չի արձանագրվել որևէ առաջընթաց Կողմերին ու դրանց ժողովուրդներին միավորող բարեկամական հարաբերությունները և դրանց բարգավաճումն ապահովելուն ուղղված քայլերում,
-տեսանելի չեն առավել սերտ ինտեգրում խթանելու ու Կողմերի տնտեսությունների միջև կապերի սերտացումը ժողովուրդների սոցիալական առաջընթացի և բարեկեցության բարելավման նպատակով կատարվող քայլերը։ Ընդհակառակը՝ համաձայն ՀՀ Վիճակագրական ծառայության 2015թ․հետազոտությունների արտահանումը կրճատվել է 4.7%-ով, ընդ որում, արտահանումը հատկապես նվազել է դեպի ՌԴ` 28.1%-ով և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներ՝ Բելառուս՝ 41.9%-ով, Ղազախստան՝ 30.1%-ով: Ներմուծումը 2015թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում նվազել է 26.2%-ով:
Ակնհայտ է, որ ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցությունը ոչ միայն տնտեսական զարգացում չապահովեց, այլ ՀՀ-ն տարավ տնտեսական մեկուսացման՝ նվազեցնելով օտարերկրյա ուղղակի ներդրումները։ Ավելին, այս միությանը ՀՀ-ի անդամակցությունը չավելացրեց նաև անվտանգության բաղադրիչը՝ զրկելով Հայաստանի Հանրապետությանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ անվտանգության այլընտրանք ունենալու հնարավորությունից։
-ԵԱՏՄ պայմանագրով նաև շեշտվում է, որ այն տնտեսական միություն է, սակայն ԼՂՀ-ի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի օրերին ԵԱՏՄ անդամ-պետությունները հրաժարվեցին Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակցությունից և նիստը տեղափոխվեց Մոսկվա։ Երևանյան նիստի չեղարկումը պատճառաբանվում էր այն հանգամանքով, որ ռազմական գործողությունների ֆոնին նիստի անցկացումը Երևանում կնեղացնի Ադրբեջանին։ Փաստացիորեն, ՀՀ-ի, ԼՂՀ-ի և համայն հայության համար այս օրհասական պահին ԵԱՏՄ անդամ-պետությունները նման քայլով սպասարկեցին այդ կառույցի անդամ չհանդիսացող Ադրբեջանի քաղաքական շահը՝ ոտնահարելով այդ կառույցի լիիրավ անդամ Հայաստանի Հանրապետության պետական շահը։ ԵԱՏՄ անդամ-պետությունների նման պահվածքն անընդունելի է և ևս մեկ անգամ վկայում է, որ այն ոչ թե տնտեսական, այլ ավելի շատ ոչ արդյունավետ տնտեսա-քաղաքական միություն է։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, առաջարկել ՀՀ Նախագահին և Կառավարությանը սկսել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց:
Նմանատիպ նյութեր
9134 դիտում
16:09 08-09-2017
«Ելք»-ը ԵՏՄ-ից դուրս գալու ԱԺ որոշման նախագիծ է ներկայացրել
1183 դիտում
09:05 13-06-2014
Խաչատուր Քոքոբելյանը վստահ չէ, որ ՕԵԿ-ը հաջողության կհասնի․ Առավոտ
4325 դիտում
09:29 07-10-2016
Հրանտ Բագրատյանը և Խաչատուր Քոքոբելյանը որոշել են միասին գնալ ընտրությունների. «Իրատես»