211652_close_icon
views-count1613 դիտում article-date 17:42 07-04-2016

Մեկնարկում է հայ ժամանակակից երաժշտության III փառատոնը. Կոմպոզիտորների միության որոշմամբ բոլոր համերգները կլինեն բացառապես անվճար

Հայաստանի կոմպոզիտորների միությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, կազմակերպերպում է Հայ ժամանակակից երաժշտության երրորդ փառատոնը, որի մեկնարկային համերգը կկայանա ապրիլի 8-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Այդ երեկո բեմում կլինի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան, դիրիժոր՝ Հարություն Արզումանյան), որը կներկայացնի թվով 4 հայ հեղինակի սիմֆոնիկ ստեղծագործություն: ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված փառատոնի առաջին համերգը (ժամը՝ 19:00) կմեկնարկի կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի՝ կլարնետի և նվագախմբի համար գրված կոնցերտի կատարմամբ: Ի դեպ, այս ստեղծագործության մեջ հեղինակն օգտագործել է «Հով արեք, սարեր ջան» երգի ելևէջները: Հատուկ այս կոնցերտի կատարման համար Իսրայելից Երևան է ժամանել կլարնետահար Ջեֆֆ Հովվարդը: «Հայկական գույներ» կներկայացվեն նաև Անահիտ Կոստանյանի՝ դուդուկի և նվագախմբի համար գրված մշակման կատարման ժամանակ: Ինչպես Նուբար Ասլանյանի, Անահիտ Կոստանյանի ստեղծագործությունը նույնպես կկատարվի առաջին անգամ: Համերգին կհնչեն նաև Բելա Հովհաննիսյանի և Վահրամ Բաբայանի Սիմֆոնիաները: Երիտասարդ կոմպոզիտոր Բելա Հովհաննիսյանի՝ մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար գրված ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ՝ 2010 թվականին, իսկ Վահրամ Բաբայանի Սիմֆոնիայի բեմելն էլ կայացել է 1981 թ.՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: Հավելենք միայն, որ փառատոնի հաջորդ համերգը կկայանա ապրիլի 9-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրում, որտեղ կհնչեն Ժիրայր Շահրիմանյանի, Նարինե Զարիֆյանի, Ստեփան Սուքիասյանի և Վարդ Մանուկյանի ստեղծագործությունները: Բեմում կլինի Հայաստանի երիտասարդական նվագախումբը: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան: Հայ ժամանակակից երաժշտության տարածման և լայն շրջանակներում այն հասանելի դարձնելու համար՝ Կոմպոզիտորների միության որոշմամբ բոլոր համերգները կլինեն բացառապես անվճար:

Նմանատիպ նյութեր