211652_close_icon
views-count2813 դիտում article-date 09:11 31-03-2016

Ինքնարժեքից էժան ոչ ոք չի թռնի, դա միայն պատահում է հանցագործ նպատակներով. «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ինձ համար անհասկանալի է վրացական դրոշակը հայկական ինքնաթիռի վրա, որի վրա գրված է՝ Արմենիա»,- «168 ժամ» թերթի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» հ/կ նախագահ, ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը՝ խոսելով հայ-վրացական ավիացոն դաշինքի մասին: Հիշեցնենք, որ հայ-վրացական «Արմենիա» ավիաընկերությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից արդեն ստացել է ավիափոխադրումների հավաստագիր և կանոնավոր չվերթերը նախատեսվում է սկսել ապրիլի 21-ին՝ Մոսկվա, Թել Ավիվ ուղղություններով: Դ. Ադբաշյանը չի հասկանում՝ ինչո՞ւ «քանդեցին» «Արմավիան»: «Ո՞ւմ էր պետք Արմավիայի քանդումը, ես այնտեղ աշխատել եմ ու ներսից գիտեմ՝ ով ոնց էր ինչ գողանում, ոնց էին խանգարվում թռիչքների անվտանգության օրենքները, ու ով էր մեղավոր, այդ մեղավորներին կարելի էր հեռացնել, նորմալ մարդկանց բերել, «Արմավիան» առողջացնել, իրոք, դարձնել ազգային փոխադրող, որովհետև, փաստորեն, «Արմավիան» համարվում էր ազգային փոխադրող, բայց դա ամրացված չէր ոչ մի փաստաթղթով: Եթե ավիաընկերությունը համարվում է ազգային փոխադրող, ավիաընկերության և պետության միջև համաձայնություն է կնքվում, փոխադրողը թռչում է ոչ միայն այնտեղ, որտեղ իրեն ձեռք է տալիս, այլև այնտեղ, որտեղ պետությունն է ուզում: Դրա համար փոխադրողը որոշակի արտոնություն է ստանում: Ամեն երկրում այդ արտոնությունները կան՝ բացի Հայաստանից»: Հարցին՝ այս նոր ավիաընկերությունն ի՞նչ կտա՝ հաշվի առնելով այն, որ հայտարարվում է բավականին էժան գներով փոխադրումներ կատարելու մասին, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Ինքնարժեքից էժան ոչ ոք չի թռնի, դա միայն պատահում է հանցագործ նպատակներով, օրինակ, «Աերոֆլոտն» ընդհանրապես անվճար կթռնի, մինչև ուրիշներին չխեղդի: Մեզ մոտ «Աերոֆլոտն» ինչ ուզում է՝ անում է: Եթե ինչ-որ մեկն ասում է՝ ինքարժեքից ցածր, ուրեմն՝ հանցագործ նպատակների համար է ուզում դա անել: Հիմա կարող է ժամանակավոր անեն, հետո գները կբարձրացնեն: Այդ վրացու ելույթների ոչ բոլորին եմ հետևում, բայց ասաց՝ «ես նկատի ունեի՝ առանց օդանավակայանի ծախսերի, դրա համար եմ այդքան գին ասել»»,-նշեց Դ. Ադբաշյանը»: Մանրամասն թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր