Հայաստանում այսուհետ հնարավոր չի լինի առանց թույլտվության վայրի կենդանիներ պահել
Հայաստանում այսուհետ հնարավոր չի լինի առանց թույլտվության վայրի կենդանիներ պահել: Այս մասին մարտի 25-ին խորհրդարանում վայրի կենդանիներին անազատության կամ մասնակի ազատության մեջ պահելու մասին նախարարության ներկայացրած օրենսդրական քննարկմանը հայտարարեց ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը։
Սա նրա հարցի պատասխանն էր ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, ով հարցրեց. «Ինչպե՞ս պետք է վարվել անձանց հետ, ովքեր ռեստորանային համալիրներում, որպես հաճախորդ գրավելու միջոց, պահում են կենդանիներ, երբ խոշտանգում են կենդանիներին, հասցնում են սովամահության»:
Փոխնախարարն, ի պատասխան, ասաց, որ օրենսդրական փաթեթի թիվ 1 նպատակը հենց նման դեպքերի բացառումն է: Հավելեց, որ այդ նպատակով ներդրվում է կենդանիների պահելու թույլտվություն ինստիտուտը, ըստ որի՝ անազատ և կիսաազատ պայմաններում կենդանիներ պահելու համար պետք է ստանալ լիզենզիա, նշել վայրի կենդանի պահելու պայմանները, և, վերջապես, հաշվառել:
«Նախապայմանների ինստիտուտն այնպիսին է լինելու, որ զվարճանքի կենտրոնները չեն կարողանալու այդ պայմաններն ապահովել, ինչը լուրջ զսպաշապիկ է լինելու»,-ընդգծեց նա:
Բացի այդ, օրենքը նախատեսում է, որ մասնավոր որսատեղիներում պետք է արգելվի կենդանիների անվերահսկելի որսը, անգամ, եթե պահողն ինքն է կենդանիներին ձեռք բերել և տեղավորել։
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն էլ տեղյակ է, որ տարբեր պաշտոնյաներ ու օլիգարխներ արջ ու առյուծ են պահում: Արամայիս Գրիգորյանն ասաց, որ օրենքի փոփոխությունը հենց դաշտ կարգավորելու համար են առաջարկում. պետք է սահմանել կարգավորման առարկան, նպատակը, հաշվառում իրականացնել և «բոլորին բերել դաշտ»:
Այս համատեքստում նախարարը հավաստիացրեց, որ օրենքի առաջ բոլորը լինելու են հավասար:


