211652_close_icon
views-count2672 դիտում article-date 12:29 18-03-2016

Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում. ՄԻԵԴ-ի` Մատաղիսի գործով վճիռը գալիս է ապացուցելու այս խոսքը

Աղմկահարույց Մատաղիսի գործով անցնող նախկին ամբաստանյալների` Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը ՄԻԵԴ-ի` Մատաղիսի գործով վճիռը լիարժեք հաղթանակ է համարում: «Արդարությունը այս դեպքում վերականգնվեց լիարժեք»,- հայտարարեց Հայկ Ալումյանը, երբ հարցազրուցավարը հարցրեց, թե կարելի՞ է այս վճռի դեպքում ասել, որ արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մարտի 17-ին աղմհարույց «Մատաղիսի» գործով որոշում է կայացրել, որի համաձայն՝ ՀՀ կառավարությունը պետք է 50 հազար եվրո վճարի հայցվորներին. Արայիկ Զալյանին` 20 հազար, իսկ Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին՝ 15 հազարական եվրո: Նրանք պահանջում էին դատարանից ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ («խոշտանգումների արգելում») և 5-րդ («ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք») հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումները: Հիշեցնենք, որ 2005 թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության համար մեղավոր էր ճանաչել թիվ 33651 զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին նույն զորամասի երկու զինծառայողների սպանության համար և դատապարտել 15 տարվա ազատազրկման, իսկ Վճռաբեկ դատարանը անսպասելի գործը ուղարկեց լրացուցիչ քննության: Նշենք, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանի նկատմամբ կայացած ՄԻԵԴ 5 տասնյակից ավելի վճիռներով` ավելի քան 600 հազար եվրոյի փոխհատուցում է նշանակվել ՀՀ պետական բյուջեի հաշվին:

Նմանատիպ նյութեր