1951 դիտում
09:13 10-03-2016
Վրաստան-Ադրբեջան գազային գործարքը դրական է նաև Հայաստանի համար. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Վրաստանի գազային խնդիրը կարելի է լուծված համարել` ի օգուտ ողջ տարածաշրջանի»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին` մեկնաբանելով Վրաստանի և Ադրբեջանի միջև կայացած գազային համաձայնությունը: Հիշեցնենք, որ օրերս Թբիլիսիում Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը ստորագրեցին համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանն Ադրբեջանից հետագա տարիներին կստանա լրացուցիչ 500 միլիոն խորանարդ մետր գազ:
Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվել են ոչ միայն մատակարարվող գազի ծավալները մեծացնելու, այլև գինը նվազեցնելու մասին: Նշենք նաև, որ նախորդող մի քանի ամիսների ընթացքում վրացական կողմը բանակցություններ էր վարում թե՛ SOCAR-ի, թե «Գազպրոմի» հետ՝ պնդելով, որ գազի հավելյալ ծավալների կարիք ունի, և SOCAR-ը չի կարողանում այն ապահովել:
Մենագարիշվիլին դրական գնահատեց կնքված գործարքը՝ պնդելով, որ դա շատ ավելի լավ տարբերակ է, քան այն, ինչ քննարկվում էր «Գազպրոմի» հետ: Ի վերջո, նրա որակմամբ, Ռուսաստանը Վրաստանի համար վստահելի գործընկեր չէ, և բանակցությունները, շատ քաղաքական գործիչների համոզմամբ, դատապարտված էին անհաջողության:
«Թեև բանակցությունները շարունակվում են, հույս չունեմ, որ դրանք էապես օգնելու են Վրաստանին լուծել իր էներգետիկ խնդիրները: Կարծում եմ` այս բանակցություններն այլ խնդիր են լուծում Վրաստանի և Ռուսաստանի միջև, ի դեպ, դրանց ընթացքը ցույց տվեց, որ կողմերի միջև լարվածության մակարդակը բարձր է: Վրաստանը ձգտում է անվտանգ հարևանություն ունենալ, որին էլ, ըստ էության, ուղղված է համագործակցության այս փորձը: Կարծում եմ` Վրաստան-Ադրբեջան այս գործարքով խնդիրը մեծապես լուծվեց, կարելի է ասել, որ Վրաստանը գտավ իր համար օպտիմալ տարբերակը, սակարկեց Ադրբեջանի և Ռուսաստանի միջև: Չի բացառվում, որ Ռուսաստանի հետ հետագա բանակցություններն այլևս պարզապես արհեստական բնույթ կրեն, քանի որ Ադրբեջանն ապահովելու է Վրաստանին անհրաժեշտ գազի ողջ ծավալը»,- նշեց Մենագարիշվիլին:
Նրա համոզմամբ՝ սա դրական հանգամանք է նաև Հայաստանի համար, քանի որ Ռուսաստան-Վրաստան բանակցությունների ընթացքում գազային տարբեր սխեմաների մասին խոսակցություններ էին շրջանառվում մամուլում, որոնք և՛ Հայաստանին, և՛ Վրաստանին գուցե էլ ավելի մեծ կախվածության մեջ գցեին ռուսական էներգակիրներից: «Տեսակետներ կային, որ Ռուսաստանը փորձելու է փակել Իրանի հնարավորությունները: Ռուսական այս բոլոր հույսերը, ըստ էության, անհետացան»,- ասաց նախկին նախարարը: Իրակլի Մենագարիշվիլիի համոզմամբ՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ամուր դիրքերի ֆոնին ծայրաստիճան կարևոր է այդ դիրքերն էլ ավելի չամրացնելն ու ողջ տարածաշրջանը կաթվածահար վիճակի չհասցնելը: «Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում հենց այդպիսի որակներ ունի, ուստի պետք է խուսափել էլ ավելի մեծ կախվածությունից»,- ընդգծեց Մենագարիշվիլին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1225 դիտում
09:50 25-02-2014
Դավիթ Հարությունյանը կարող է ղեկավարել գազային հանձնաժողովը․ 168 ժամ
10081 դիտում
09:26 07-03-2019
Փաշինյանը՝ սեփական ծուղակում. Նրա «գազային» առաջարկը հակասում է ռուսական քաղաքականությանը. «168 ժամ»
5343 դիտում
09:13 23-05-2019
«Թավշյա» պաշտոնյաները ձգտում են գազային ատրճանակի և որսորդական զենքի թույլտվություն ձեռք բերել. «168 ժամ»
Այս բաժնից
1036 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»