Թեհրանում կայացել է ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրման ու պահպանման ոլորտի փորձագետների միջազգային հավաք
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման Թեհրանի հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ` ս. թ. մարտի 3-5-ը, Թեհրանում տեղի է ունեցել «Ազգային և Նորուզի տիկնիկներն ու խաղատիկնիկները» թեմայով, ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրման ու պահպանման ոլորտի փորձագետների միջազգային հավաք:
Հանդիպման նպատակն էր նոր հարթակներ ստեղծել տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրման ու պահպանման, ինչպես նաև ոլորտի փորձագետների քննարկումների, փորձի փոխանակման և հետագա համագործակցության եզրերի ձեռքբերման համար։ Զուգահեռ կազմակերպվել էր նաև տարածաշրջանի տարբեր ազգությունների ավանդական տիկնիկների ու խաղատիկնիկների ցուցադրություն:
Հանդիպմանը մասնակցում էին փորձագետներ` Իրանի Իսլամական Հանրապետությունից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից և Ինդոնեզիայից:
Թեմայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունից զեկուցումով հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության ոչ նյութական մշակութային ժառանգության գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը:
Հայկական տաղավարում ցուցադրվել են «Տոնացույց, ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային հասարակական կազմակերպության` «Անձրևի հարս ծիսական տիկնիկը» խորագրով դասընթացի ընթացքում պատրաստված տիկնիկները և «Տերյան մշակութային կենտրոնի» տիկնիկագործների` հայկական ազգային տարազով տիկնիկները, որոնք իրենց ինքնատիպությանբ մեծ հետաքրքրություն են առաջացրել հանդիպման մասնակիցների և այցելուների շրջանում: