211652_close_icon
views-count2473 դիտում article-date 14:27 07-03-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է «Գյուղմթերքի կին հերոս-2016» մրցանակաբաշխությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է «Գյուղմթերքի կին հերոս-2016» ազգային ամենամյա մրցանակաբաշխության արարողությանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կողմից, այն անցկացվում է «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերային արտադրության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախ շնորհավորել է կանանց գալիք մարտի 8-ի առթիվ` մաղթելով նրանց առողջություն, երկար տարիների կյանք և հետագա հաջողություններ: «Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության գերակա ոլորտներից է, որտեղ մեծ դերակատարություն ունեն նաև կանայք. Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի աշխատողների 50%-ից ավելին կանայք են, որոնք ներգրավված են ոլորտի բոլոր ճյուղերում: Եվ իմ կարծիքով` հատկապես նրանց հոգատար աշխատանքով է պայմանավորված մեր հայրենական գյուղմթերքի բարձր համային և որակական հատկանիշները», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Իր խոսքում անդրադառնալով նաև կոոպերատիվների դերին գյուղատնտեսության զարգացման և արտադրողականության բարձրացման գործում՝ նախարարը, հատկապես ընդգծել է կանանց կոոպերատիվների կարևորությունը, որոնք ունենալով փոքր հզորություններ, մեծ արդյունք են տալիս ոլորտում: Նախարարի խոսքով` կոոպերատիվների շարժումը մեր երկրում նոր թափ է ստացել, այս պահին առկա են գործող 272 կոոպերատիվներ, որոնք արդյունավետ գործունեություն են ծավալում և կարևոր է, որպեսզի այդ արդյունքը տեսանելի լինի բոլորի համար, և նրանց փորձը կիրառելով` մյուս գյուղացիական տնտեսությունները նույնպես համոզվեն` կոոպերատիվներին անդամագրումն բերելու է եկամուտների ավելացման: Մրցանակաբաշխությունը անց է կացվում ի նշանավորումն գյուղատնտեսական արտադրության ու պարենային անվտանգության ոլորտում կանանց դերի և ձեռքբերումների՝ Կանանց միջազգային օրվա շրջանակներում: Միջոցառման ընթացքում մթերքների արտադրության մեջ ներգրավված ավելի քան 40 կին ֆերմերներ ներկայացրել են իրենց արտադրանքը, կազմակերպվել է նաև ավանդական խոհանոցի ուտեստների համտես՝ պատրաստված Հայաստանի տարբեր մարզերի էկոլոգիապես մաքուր, համեղ ու առողջարար մթերքից: Միջոցառման մասնակիցների թվում էին նաև նախարարությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, տարածաշրջանային և տեղական իշխանությունների, գյուղատնտեսական կոոպերատիվների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: «Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությունն անց է կացվում 2011 թվականից: Միջոցառման նպատակն է խթանել այն կանանց գործունեությունը, ովքեր գյուղատնտեսության ոլորտում հասել են դրական արդյունքների ու կարող են նպաստել համայնքների կայուն զարգացմանը, պարենային ու սնուցման անվտանգությանը: Այս տարի մրցանակաբաշխությունն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը: Միջոցառման ավարտին լավագույն արտադրողներին նախարար Սերգո Կարապետյանը հանձնել է շնորհակալագրեր և խրախուսական նվերներ: Այնուհետև նախարարը շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր