ՀՅԴ-ի հետ ունենք նախնական համաձայնություն՝ ապագայում կառավարման համակարգում միասնաբար աշխատելու. Շարմազանով
ՀՀԿ-ն ունի Դաշնակցության հետ ընդհանուր առմամբ նախնական համաձայնություն՝ ապագայում կառավարման համակարգում միասնաբար աշխատելու:
Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Վերջնական համաձայնության մասին կխոսվի շաբաթվա վերջին:
«Փաստեմ, որ ՀՅԴ-ի հետ ՀՀԿ-ն շատ հավանական է համարում համաձայանգիրը և այսօր ունենք ՀՅԴ-ի հետ նախնական համաձայնություն»,-ասաց ՀՀկ խոսնակը, ով ևս մեկ անգամ ընդգծեց, որ նախնական բառը նշանակում է, որ վերջնական համաձայնությունը կայացած չէ և անկախ նրանից՝ ինչ ինֆորմացիայի է տիրապետում, չի կարող՝«ներկայացնել անուն-ազգանուններով, թե այս փուլում ինչ կա»:
Հիշեցենք, որ այսօր հստակցեցված է, որ Տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարությունները տարանջատվելու են: Սա ՀՅԴ-ի, ըստ շրջանառվող տեղեկությունների, երեք պորտֆելներից մեկն է: Մյուս երկուսը Կրթության և գիտության, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարություններն են:Մանավանդ որ, «նախնական համաձայնությունը 100%-ը չէ, այլ 95, բայց ոչ հիմնական մասով»:
Շարմազանովի խոսքով` պաշտոնների հարցում ևս ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն համաձայնություն ունեն, սակայն հստակ թիվ և անուններ չհրապարակեց, իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին հարցին ի պատասխան՝ կրկին խորհուրդ տալով սպասել երեք օր։
Հավելենք, որ նախարարական պորտֆելներից բացի ՀՅԴ-ին տրվելու են նաև մարզպետական պաշտոններ:
ԳՄ նիստին քննարկվել են ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր: Նիստը նախագահել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: