Միջազգային քրեական դատարանը թույլատրել է հետաքննել 2008 թ-ին վրաց-ռուսական հակամարտության ժամանակ կատարված հանցագործությունները
Միջազգային քրեական դատարանի թույլատրմամբ դատախազ Ֆատու Բենսուդան հետաքննելու է Վրաստանում 2008 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում ռազմական հակամարտության ժամանակ Հարավային Օսիայի տարածքում կատարված հանցագործությունները, հաղորդում է rosbalt.ru-ն:
Դաըարանը նշել է,որ հիմքեր կան մտածելու, որ Հարավային Օսիայում կատարված հանցագործությունները պետք է հետաքննվեն: Խոսքը, մասնավորապես, գնում է մարդկության դեմ կատարված հանցագործությունների (սպանություն, մարդկանց բռնի տարհանում), ինչպես նաև ռազմական հանցագործությունների (հարձակում քաղաքացիական հասարակության վրա, մտադրված սպանություն, կողոպուտ) մասին:
ՄՔԴ-ի դատախազի կարծիքով՝ վրացիների սպանությունները և բռնի տեղահանումը կատարել են Հարավային Օսիայի զինվորականները՝ ռուս զինվորականների հնարավոր աջակցությամբ:
Դատարանի տվյալներով՝ Հարավային Օսիայի տարածքից բռնի ուժով տարհանվել է 18.5 հազար մարդ, սպանվել՝ 113 էթնիկ վրացի: