211652_close_icon
views-count1952 դիտում article-date 12:54 25-01-2016

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անդամներին, ողջ աշխատակազմին ու երկրպագուներին՝ նվագախմբի հիմնադրման 10-ամյակի առթիվ: Երիտասարդ, տաղանդավոր երաժիշտ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ նվագախումբն իր կարեւոր տեղն է զբաղեցնում Հայաստանի մշակութային կյանքում: Այս երիտասարդ, բայց արդեն արդեն իսկ կայացած ստեղծագործական կոլեկտիվը իրականացնում է կարեւոր սոցիալ-մշակութային առաքելություն, պահպանում եւ տարածում է դասական երաժշտության հարուստ ժառանգությունը՝ լուսավորչական եւ հոգեւոր դաստիարակության իր ծանրակշիռ ներդրումը կատարելով ոչ միայն երիտասարդության, այլեւ ընդհանրապես հասարակության կյանքում: Հանդիսանալով երիտասարդության եւ արհեստավարժության կուռ համաձուլվածք՝ նվագախումբը բարձրաճաշակ կատարումներով հիացնում է թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրյա արվեստասերներին՝ մատուցելով հայ ու համաշխարհային դասական երաժշտության գոհարներ ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Նվագախմբի եւ նրա ղեկավարի աշխատասիրությունն ու նվիրվածությունը երաժշտությանը ծնում են նոր գաղափարներ ու ծրագրեր, որոնք համերգների ու համերգաշարերի տեսքով ավարտվում են հանդիսատեսի հետ նոր անմոռանալի հանդիպումներով: Համոզված եմ, որ հետագայում եւս նվագախումբը կշարունակի իր բարերար ազդեցությունն ունենալ մշակութային մթնոլորտի վրա: Եւս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադրման 10-ամյակի առթիվ՝ մաղթելով ստեղծագործական ոգեւորություն, լավատեսություն եւ ամենայն բարիք: Թող նվագախմբի կենսագրության հաջորդ տարիները դառնան ստեղծագործական նոր որոնումների եւ նոր ձեռքբերումների ժամանակներ»:

Նմանատիպ նյութեր