211652_close_icon
views-count1451 դիտում article-date 19:23 15-01-2016

Հանրաքվեի ընթացքում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերից 6-ով նախաքննությունն ավարտվել է

2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող 32 քրեական գործերից, հունվարի 15-ի դրությամբ, 6-ով նախաքննությունն ավարտվել է։ 6 քրեական գործերի 5-ը՝ 5 մեղադրյալների վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներին։ Նշված քրեական գործերը վերաբերում են Երևանի թիվ 8/08, 8/25, 10/15, 10/14, 2/32 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերին. քննության արդյունքներով՝ մեղադրանք է առաջադրվել 5 անձի, որոնցից 3-ը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ են։ 1 քրեական գործի վարույթ կարճվել է՝ հանցադեպի և հանցակազմի բացակայության հիմքով: Քննչական կոմիտեի վարույթում ներկայումս քննվում է 26 քրեական գործ: Յուրաքանչյուր գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, ըստ անհրաժեշտության՝ առգրավվել են տարբեր ընտրատեղամասերի ընտրացուցակները, գրանցամատյանները, էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել փորձաքննություններ։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների, քրեաիրավական գնահատականների մասին ՀՀ քննչական կոմիտեն կշարունակի պարբերաբար տեղեկություն տրամադրել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր