211652_close_icon
views-count6902 դիտում article-date 18:55 30-12-2015

ԼՂՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լ. Հ. Մնացականյանի շնորհավորական ուղերձը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Հարգելի զինակիցներ, Ավարտին է մոտենում հերթական բանակային տարին, որը Արցախի զինված ուժերի համար լեցուն էր նշանակալի ձեռքբերումներով ու լրջագույն փորձություններով: Անցնող 2015թ. նշանավորվել է առաջնագծում լարվածության անշեղ աճով: Շարունակելով իր ապակառուցողական քաղաքականությունը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սահմանագծում տիրող լարվածությունը հասցրեց որակական նոր աստիճանի: Հրադադարի հաստատումից ի վեր հակառակորդն առաջին անգամ գործածության մեջ դրեց հրետանի և տանկեր՝ միաժամանակ շարունակելով իրականացնել դիվերսիոն-հետախուզական փորձեր: ՊԲ անձնակազմի պատշաճ պատրաստության, բարոյակամային բարձր որակների շնորհիվ հակառակորդի բոլոր ծրագրերը մշտապես ձախողվել են, յուրաքանչյուր ոտնձգություն ստացել է խիստ պատասխան՝ նրան արժենալով մարդկային կյանքեր: Ցավոք սրտի, ծառայողական պարտականությունները կատարելիս հերոսաբար ընկել են նաև մեր զինակիցները: Փառք ու պատիվ նրանց անմար հիշատակին: Հայրենիքի սահմանին լարվածության աճը 2015թ. ավելի է ամրապնդել հասարակության և բանակի անխախտ կապը, երկրի իշխանությունները, ամբողջ հասարակությունը մշտապես եղել են բանակի կողքին: Թե՛ առաջնագծում մարտական հերթապահության իրականացման ժամանակ, թե՛ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված լայնածավալ գործընթացներում պաշտպանության բանակի անձնակազմը զգացել է ժողովրդի մշտական ուշադրությունն ու հոգածությունն իր հանդեպ: Բանակի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը հնարավորություն է ստեղծել սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ու արդիականացման, ուսումնանյութական բազայի և ապահովման բոլոր տեսակների կատարելագործման համար, առանձնահատուկ կարևորություն է տրվել մարտական հերթապահության կազմակերպմանն ու առաջնային գծի տեխնիկական կահավորվածության ամրապնդմանը, ինչի արդյունքում պետության պաշտպանունակությունը բարձրացել է որակական նոր աստիճանի: Իր վճռական գործողություններով բանակն ապահովել է նաև հայկական կողմի ամուր և վստահ դիրքերը արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցություններում: Այսօր, իրավամբ, կարելի է փաստել, որ 2015թ. ԼՂՀ պաշտպանության բանակը պատվով է կատարել իր գլխավոր առաքելությունը՝ Արցախի պաշտպանությունն ու հարազատ ժողովրդի անվտանգ կենսագործունեությունը: Թույլ տվեք ՊԲ հրամկազմի և անձամբ իմ անունից շնորհավորել բանակի ողջ անձնակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել անձնական երջանկություն և ծառայողական հաջողություններ: Թող 2016 թվականը յուրաքանչյուրիս համար լինի խաղաղության և առաջընթացի տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Նմանատիպ նյութեր