211652_close_icon
views-count1532 դիտում article-date 17:00 30-12-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի ներկայացուցիչներին՝ հողագործներին, գիտնականներին, գործարարներին, ֆերմերներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Տարեմուտի նախաշեմին ավանդաբար ամփոփելով կատարված աշխատանքը` կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ գյուղատնտեսության համար 2015 թվականը հաջողված էր: Տարվա ընթացքում գրանցված ցուցանիշներն ու աճի դինամիկան ամրապնդեցին այն լավատեսությունը, որ իրապես կայուն նախադրյալներ են ստեղծվել ոլորտի հեռանկարային զարգացման համար, և գյուղատնտեսությունն ունի հզոր ներուժ տնտեսական դժվարին պայմաններում երկրի համար ամուր հենասյուն դառնալու: Եվ այս ամենն առաջին հերթին շնորհիվ հայ շինականի, ով ամուր կառչած է հայրենի հողին և արդար աշխատանքով շարունակում է շենացնել իր տունն ու հայրենիքը: Անշուշտ եղան նաև դժվարություններ, մասնավորապես խաղողի մթերումների հարցում լարվածությունից հնարավոր չեղավ խուսափել, որը սակայն պետական ու մասնավոր հատվածի համատեղ գործուն ջանքերով արագ հաղթահարվեց, և գործընթացը բարեհաջող կերպով հասցվեց ավարտին: Պետությունը շարունակելու է տարբեր օժանդակության ծրագրերով և բոլոր հնարավոր միջոցներով աջակցել գյուղացուն` շտկելու իր մեջքը և ավելի վստահ նայելու վաղվա օրվան: Դժվարությունները շատ են, սակայն դրանք հաղթահարելի են, երբ միավորվում են ջանքերը: Գալիք տարիներին մենք պետք է շարունակենք ավելի մեծ ուշադրություն դարձնել կոոպերատիվների ստեղծման, արտադրության ինտեսիվացման, գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերին: Լիահույս եմ, որ 2016 թվականը թե գյուղատնտեսության և թե ընդհանուր առմամբ մեր երկրի տարբեր ոլորտներում արգասաբեր ու բեղուն կլինի: Թող նոր տարին հայ ժողովրդի համար խաղաղության, կայունության ու հզորացման տարի լինի և դրական փոփոխությունների, հաջողված ձեռնարկումների, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի լինի հատկապես հայ գյուղացու համար: Աստված մեզ պահապան: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր