211652_close_icon
views-count990 դիտում article-date 19:32 24-12-2015

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2015 թվականի ամփոփիչ նիստը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի 2015 թվականի ամփոփիչ նիստը, որին մասնակցել են տարվա ընթացքում ոլորտում ծրագրեր իրականացրած քաղաքապետարանի վարչությունների ու բաժինների, վարչական շրջանների սոցիալական բաժինների պետեր, ներկայացուցիչ ճանապարհային ոստիկանությունից, հանձնաժողովի կազմում ընդգրկված` ոլորտի ՀԿ-ների նախագահներն ու անդամները: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Քաղաքապետարանի պատասխանատու վարչությունների և բաժինների պետերը զեկուցել են 2015 թվականին հատուկ կարիքներով մարդկանց համար իրականացված ծրագրերի մասին: Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը հատկանշել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ուղղվածության բոլոր ծրագրերում առաջնահերթության կարգով ներառվել են հատուկ կարիքներ ունեցող անձինք և նրանց ընտանիքները: Նրանց ցուցաբերվել է նաև նյութական, պարենային և այլ տեսակի աջակցություն: Մայրաքաղաքի փողոցներում ու հասարակական նշանակության վայրերում 285-ով ավելացել է թեքահարթակների թիվը, ևս 90–ը կառուցվել է մասնավոր ընկերությունների հետ համագործակցության արդյունքում: Հատուկ վերելակներով կահավորված 10 ավտոբուսների թիվն այս տարի ավելացել է 10-ով, ևս 5 ավտոբուսներ վերելակներով կկահավորվեն 2016 թվականին: Թվով 37 ավտոբուսներում էլ տեղադրվել են կանգառների ազդարարման համակարգեր, որոնց քանակը 2016 թվականին նույնպես կկրկնապատկվի: Նախատեսվում է հաջորդ տարի ավտոբուսներում տեղադրել նաև տեսաազդարարման համակարգեր` լսողության խնդիրներ ունեցող անձանց համար: Մասնավորի հետ համագործակցությամբ այս տարի առաջին անգամ վերելակ է տեղադրվել Աբովյան փողոցի` Ա. Իսահակյանի արձանի հարևանությամբ գտնվող ստորգետնյա գետնանցումում: Եվս մեկը 2016 թվականին կներկառուցվի վերգետնյա անցումում: Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև քաղաքաշինական նոր ծրագրերին և նախկինում շահագործման հանձնված, սակայն վերակառուցվող օբյեկտներին: Նշվել է, որ երկու դեպքում էլ պարտադիր պայման են հաշմանդամների ազատ տեղաշարժի ապահովման սահմանված նորմերը, որոնք պարտադիր ապահովվում են նաև այգիների ու պուրակների կառուցապատումն իրականացնելիս: Տարվա ընթացքում բազմաթիվ նախաձեռնություններ ու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրեր են կյանքի կոչվել քաղաքապետարանի ենթակայության ներառական կրթություն իրականացնող դպրոցներում, որոնց թիվը 44-ից հասել է 52-ի: Ավելացել է նաև ներառական կրթությամբ մանկապարտեզների թիվը: Տարին հագեցած է եղել մշակութային ու մարզական տարաբնույթ միջոցառումներով, ընդ որում, ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող <<Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ>> ստուգատեսին հատուկ կարիքներով մարդիկ մասնակցել են առաջին անգամ: Երևանի քաղաքապետարանը <<Հայ մայրեր>> բարեգործական ՀԿ-ի հետ շարունակել է այլընտրանքային վերականգնողական բուժական ծրագրի մանկական ուղեղային կաթված ունեցող և միայնակ մայրերի խնամքին եղած երեխաների եռափուլ թերապիայի ծրագիրը: Հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները նշել են, որ վերջին տարիներին համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ շատ արդյունավետ է, ինչի վկայությունը կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերն են: ՀԿ-ների ղեկավարները հանդես են եկել նաև նոր առաջարկներով: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշել է, որ տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները կատարվել են 100 տոկոսով: Ոլորտի պատասխանատուներին հանձնարարվել է նախապատրաստել 2016 թվականին նախատեսված աշխատանքների ծրագիրը: Կամո Արեյանը Երևանի քաղաքապետի անունից վստահեցրել է, որ 2016 թվականին ևս կշարունակվեն և կընդլայնվեն վերը նշված գրեթե բոլոր ծրագրերը:

Նմանատիպ նյութեր