211652_close_icon
views-count1915 դիտում article-date 19:26 21-12-2015

Տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման հիմնական աշխատանքներն ավարտված են: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում, ինչպես նաև վարչական բոլոր շրջաններում տեղի կունենան տոնական մի շարք միջոցառումներ: Հայտարարված է նաև լավագույն ձևավորման մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես տնտեսվարողները, այնպես էլ անհատ քաղաքացիներ: Մայրաքաղաքում տոնական միջոցառումների մեկնարկը կազդարարվի դեկտեմբերի 21-ին` ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի լույսերի, միաժամանակ նաև մայրաքաղաքի տոնական լուսավորության միացումով: Զեկուցվել է, որ միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների կատարողականը կազմել է 105 տոկոս: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության սահմանել բոլոր աշխատանքները սահմանված ժամանակացույցի համաձայն կատարելու նկատմամբ: Զեկուցվել է, որ ավարտվել են մայրաքաղաքի փողոցների և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում օպերատիվ արձագանքել բնակիչների ահազանգերին և արագ կարգավորել առաջացած խնդիրը: Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված՝ զեկուցվել է, որ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 32 վարչական արձանագրություն: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է ապօրինաշինության և հողազավթման 3 դեպք: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 4 օբյեկտ: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 1 վարչական արձանագրություն: Անդրադառնալով չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 61 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է շարունակել և խստացնել այս ուղղությամբ աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա հերթապահություն: Հանձնարարվել է նաև խստորեն վերահսկել տոնական օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը: Քաղաքապետի հանձնարարականով՝ պատշաճ վերահսկողություն կսահմանվի նաև հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ: Առողջապահական և շտապբուժօգնության ծառայությունների պատասխանատուներին ևս Տարոն Մարգարյանը հանձնարարել է տոնական օրերին ապահովել օպերատիվ հերթապահություն: Հանձնարարվել է հերթապահություն սահմանել նաև կրթական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովման նպատակով:

Նմանատիպ նյութեր