145429 դիտում
11:45 15-12-2015
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին. Նորատուս գյուղի բնակիչներն ավտոմեքենաներով փակել են ճանապարհը. երթևեկությունը կաթվածահար է եղել. նրանք պահանջում են մարզի դատախազին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Արդեն 30 րոպեից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Վարդենիս ավտոճանապարհի Մարտունի-Գավառ ավտոճանապարհի խաչմերուկում: Նորատուս գյուղի 200-ից ավելի բնակիչներ, ի նշան բողոքի, նշված ճանապարհը փակել են, ինչի պատճառով էլ հսկայական խցանում է առաջացել և երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակցիայի մասնակիցները բարձրաձայնում են, որ իրենք ճանապարհը փակել են, քանի որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Արսեն Արսենյանը անհիմն մարդկանց մեղադրում է ու, ըստ գյուղացիների հայտարարության, չարաշահում է պաշտոնեական դիրքը և մարդկանց անհիմն կալանքի է ենթարկում, ինչի իրավունքը նա չունի:
«Մի քանի անգամ դիմել ենք պատկան մարմիններին՝ հավատալով, որ խնդիրը կլուծվի, սակայն դատախազ Արսենյանը իրեն վեր է դասում օրենքից ու անհիմն ցուցումներ է տալիս մարդկանց»,-ասում էին նրանք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր հորդորում են քաղաքացիներին, որպեսզի բացեն ճանապարհը՝ առաջարկելով 5 հոգուց կազմել պատվիրակություն և մեկնել մարզի դատախազություն:
Բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվում են այդ առաջարկից՝ պատճառաբանելով, որ մի քանի անգամ գնացել են Գեղարքունիքի մարզի դատախազություն, սակայն հարցը չի լուծվել, օբյեկտիվ քննություն չի կատարվել, ինչի համար էլ պահանջում են, որպեսզի դատախազությունից ժամանեն նշված վայր:
[b]ՀՀ Գլխավոր դատախազությունը արձագանքել է նշված հոդվածին`[/b]
[color=#EF2929]
Տեղեկացնում ենք, որ ինչպես ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազը, այնպես էլ բոլոր դատախազներն իրականացնում են բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունները:
Ինչ վերաբերում է Նորատուս գյուղի բնակիչ Կարեն Օհանյանի վերաբերյալ քրեական գործին, ապա տեղեկացնում ենք.
10.11.2015թ.-ին Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչներ Ա.Ղ.-ի և Լ.Ս.-ի կողմից ոստիկանության Մարտունու բաժնին ներկայացված դիմումների հիման վրա Մարտունու քննչական բաժնում նյութերի նախատապրաստման ընթացքում ձեռք բերված փաստերով քննչական կոմիտեի Մարտունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Կարեն Արմենի Օհանյանի կողմից խուլիգանություն կատարելու փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Կարեն Արմենի Օհանյանը ձերբակալվել է: 2015 թվականի նոյեմբերի 13-ին Կարեն Արմենի Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով. / Հոդված 258. Խուլիգանությունը
1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, 2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, 3) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն) 4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, 5) զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:/ մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Կարեն Օհանյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատարան, խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վեարբերյալ: Դատարանի կողմից միջնորդությունը մերժվել է: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը փաստաբանի կողմից բողոքարկվել է Վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը միջնորդությունը մերժել է: Սույն գործով Մարտունու քննչական բաժնում՝ ավագ քննիչ Ա. Մ.-ի վարույթում նախաքննությունը շարունակվում է: Գործով դատավարական հսկողություն է իրականացնում Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Է. Հ.-ն: Եվ՛ քննիչը, և՛ դատախազը իրականացնում են օրենքով իրենց վեարապահված լիազորությունները:
Քննիչի, դատախազի գործողություններից դժգոհ քաղաքացիները կարող են նրանց գործողությունները բողոքարկել վերադաս դատախազին և դատական կարգով: [/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 182+
182+