Պաշտոնական Անկարան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Ռուսաստան մինչև «իրավիճակի կարգավորումը»
Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարվածության աճի ֆոնին Թուրքիայի արտգործնախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս հետաձգել ռուսաստանյան այցերը մինչև «իրավիճակի կարգավորումը»: Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործանախարարության հայտարարությունը:
Պաշտոնական Անկարան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս առանց հատուկ անհրաժեշտության չայցելել Ռուսաստան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իր հերթին հույս է հայտնել, որ ռուսական Су- 24 օդանավի հետ տեղի ունեցած միջադեպն այլևս չի կրկնվի:
«Ես իսկապես շատ վրդովված եմ կատարվածով, մենք չէինք ցանկանում դա, բայց տեղի ունեցավ»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը խոցել է Սիրիայի օդային տարածքով թռչող ռուսական Cy-24 ռմբակոծիչը: Զոհվել է ինքնաթիռի օդաչուներից մեկը, իսկ մյուսին հաջողվել է փրկել և անվտանգ տեղափոխել Սիրիայի «Խմեյմիմ» ռազմաբազա, որտեղ տեղեակայված են ռուսական ավիացիոն ուժերը: