211652_close_icon
views-count17115 դիտում article-date 11:26 25-11-2015

Հենց այսօր սահմանին ծառայում են Արցախի նախագահի, անվտանգության ծառայության ղեկավարի որդիները եւ այլք. ոտնձգության դեպքում թշնամին մեկին՝ տասը կստանա. Մանվել Գրիգորյան

Հայաստանի, Արցախի իշխանական էլիտան եւս գիտակցում է, որ հայրենիքի առջեւ պարտքը կատարելը բոլորին է վերաբերում: Հենց այդ պատճառով էլ մեր բանակում ոգին առավել ամուր է, մեր բանակն առավել մարտունակ է, քան Ադրբեջանինը, ուր խայտառակ բարքեր են: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Սահմանին տիրող եւ այլ հարցերի շուրջ նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ. [b]-Պարո´ն Գրիգորյան, մինչեւ սահմանին տիրող իրավիճակին անցնելը խոսենք սպասվելիք իրադարձությունների մասին: Դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ Երկրապահի դիրքորոշումը ինչպիսի՞ն է լինելու: [/b] -Երկրապահը պետության հիմնասյուներից է: Մենք մասնակցել ենք ե´ւ Արցախի, ե´ւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությանն ու ազատագրմանը, անմիջականորեն մասնակցել ենք եւ Հայաստան պետության կայացմանը: Երկրապահն այն մարդն է, որ կանգնած է հայոց պետականության ակունքներում, ուրեմն եւ չենք կարող անտարբեր լինել պետության համար վճռական նշանակություն ունեցող հարցերում: Ամբողջ երկրապահական եռասերունդ ընտանիքը միանշանակ «այո´» է ասում ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի նախաձեռնած բարեփոխումներին: Դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների օգտին քվեարկելու են ավագ սերնդի երկրապահները, երիտասարդ երկրապահներն ու պատանի երկրապահների ծնողները: Ի դեպ, Հանրապետական կուսակցության հետ Երկրապահի համագործակցությունը խորն արմատներ ունի: Հանրապետականի բոլոր ղեկավարներն էլ երկրապահ են եղել: Աշոտ Նավասարդյանը երկրապահ էր, մեր Սպարապետ Վազգեն Սարգսյանը Երկրապահի հիմնադիրն է եւ հավերժ նախագահը: Երկրապահ էր Անդրանիկ Մարգարյանը: Ուղնուծուծով, ապրած կյանքով, ողջ էությամբ երկրապահ է նաեւ ՀՀԿ այսօրվա ղեկավար, Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Ես Սերժ Սարգսյանին ճանաչել եմ դեռ 1989-ից, երբ նա դեռ շարքային էր: Ես դեռ այն օրերից եմ տեսել այդ մարդու նվիրվածությունը հայ ազգին, Արցախին, անկախ պետականությանը: Սերժ Սարգսյանն անցել է պատերազմական թոհուբոհով, անցել է ամեն ինչի միջով, պատվով ղեկավարել է կարեւորագույն ոլորտներ` բոլոր ուժային գերատեսչությունները, նաեւ եղել է Հայաստանի տնտեսության պատասխանատուն: Այս ամենը տեսնելուց, ծանրութեթեւ անելուց հետո է նա եկել եզրահանգման, թե սահմանադրական որ կարգն առավել արդյունավետ կլինի Հայաստանում: Երկրապահները անվերապահորեն վստահում են իրենց մարտական ընկերոջը: Մենք մեր վերջին համագումարների բանաձեւերում հայտարարել ենք, որ աջակցում ենք նախագահ Սերժ Սարգսյանի բոլոր հայրենանվեր ձեռնարկներին: Այսօր էլ մեր պարտքն է նախագահին աջակցելը: [b]-Իսկ կարո՞ղ եք փաստարկել, թե ինչու է անհրաժեշտ կառավարման համակարգի փոփոխությունը: Կան կարծիքներ, որ դա արվում է միայն նրա համար, որպեսզի Սերժ Սարգսյանը շարունակի մնալ ՀՀ ղեկավար: [/b] -Դրանք պարապ մարդկանց խոսակցություններ են: Գուշակություններով զբաղվելու կարիք չկա: Կգա ժամանակը, եւ Սերժ Սարգսյանը կբարձրաձայնի, թե ինքը որ ոլորտում, ինչ կարգավիճակով պետք է շարունակի ծառայել հայ ազգին, Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին: Իսկ Սահմանադրությունը այսօր աշխարհում առկա միտումներին համապատասխանեցնելը մեր երկրի համար պարտադիր է: Չենք կարող հետ մնալ համաշխարհային ժողովրդավարական պրոցեսներից: Այսօր աշխարհն այնպիսին է, որ եթե ներսում ժողովրդավար պետություն չունենանք, չենք կարողանա հասնել համազգային խնդիրների լուծմանը, չենք կարողանա հաջողություններ ունենալ միջազգային ատյաններում: Սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ չէ: [b]-Ի՞նչ կարծիքի եք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի եւ մեր բանակի մարտունակության մասին: [/b] -Մեր բանակը հզոր է, մարտունակ: Այսօր սահմանին կանգնած է, բոլորիս անվտանգությունը պաշտպանում է անկախության սերունդը: Իմ անվտանգությունը, իմ երեխաների, թոռների անվտանգությունը երաշխավորում են այն երիտասարդները, ովքեր դեռ չէին էլ ծնվել, երբ ես ու մարտական ընկերներս իրենց ծնողների անվտանգությունն էինք երաշխավորում: Հայկական բանակը վստահորեն վերահսկում է սահմանային իրավիճակը: Եթե թուրքերը ոտնձգությունների փորձ անեն, մեկին՝ տաս կստանան` ինչպես եւ միշտ է եղել: Ես վստահում եմ մեր երիտասարդությանը, վստահում եմ մեր զինված ուժերին՝ շարքայինից մինչեւ պաշտպանության նախարար, մինչեւ գերագույն գլխավոր հրամանատար: Ի դեպ, հենց այսօր սահմանային զորամասում ծառայություն են իրականացնում, մարտական հանձնարարություններ են կատարում Արցախի նախագահ Բակո Սահակյանի որդին, Արցախի անվտանգության ծառայության ղեկավարի որդին: Այսինքն` Հայաստանի, Արցախի իշխանական էլիտան եւս գիտակցում է, որ հայրենիքի առջեւ պարտքը կատարելը բոլորին է վերաբերում: Հենց այդ պատճառով էլ մեր բանակում ոգին առավել ամուր է, մեր բանակն առավել մարտունակ է, քան Ադրբեջանինը, ուր խայտառակ բարքեր են: [b]-Ֆրանսիայում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության հեղինակներին Դուք համեմատեցիք Արցախի, Հայաստանի նկատմամբ ոտնձգություններ կատարողների հետ: Ի՞նչ պետք է անենք, որպեսզի աշխարհում բացառվեն նման միջադեպերը: [/b] -Ես հիմա էլ կարող եմ կրկնել, որ ահաբեկիչն ազգություն չունի: Անմեղ մարդկանց սպանողները նույն կենդանին են` լինեն նրանք թուրք ազերի, արաբ, թե մեկ այլ ազգի ներկայացուցիչ: Աշխարհում կան հզոր, գիգանտ պետությունների ղեկավարներ` տաղանդավոր մարդիկ: Իմ ցանկությունն է, որ աշխարհի հզորները ոչ թե կարապի, խեցգետնի եւ գայլաձկան նման ամեն մեկն իր կողմը քաշեն, այլ համագործակցեն հանուն համաշխարհային անվտանգության համակարգի կայացման: Չի կարելի, որ աշխարհը ղեկավարվի Աթաբեկ Խնկոյանի բնորոշած «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքով: Պետք է բոլոր պետությունների ղեկավարները համագործակցեն հանուն արդար աշխարհակարգի ստեղծման: Թե չէ` որ տան հայրը խռով է լինում, միշտ էլ ընտանիքի անդամներն են տուժում: [b]-Եվ եկեք զրույցը սահմանափակենք` անդրադառնալով ԵԿՄ առաջիկա ծրագրերին, անելիքներին: [/b] -Մեր ավանդական գործունեության ոլորտներն են զոհված, անհայտ կորած, հաշմանդամ, ԵԿՄ անդամ ազատամարտիկների սոցիալական, իրավական, բարոյական խնդիրների լուծմանն աջակցելը, մեր մարտական ընկերների երեխաներին, թոռներին կրթություն ստանալու եւ աշխատանքի տեղավորման հարցերում աջակցելը: Հատկապես, որ առջեւում Նոր Տարի է: Պետք է հնարավորության սահմաններում նյութապես, բարոյապես աջակցենք երկրապահ ընտանիքներին, մեր նահատակ ընկերների թոռներին, զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների, մեր ընկերների ընտանիքներին: Ամեն ինչ անելու ենք, որ երկրապահ ընտանիքներում Ամանորին տոնական տրամադրություն լինի: Այսօր կարեւոր խնդիր է պատանի, երիտասարդ երկրապահների ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Պետք է վաղվա Հայաստանի համար լիարժեք մարդիկ կրթենք, դաստիարակենք: Այդ նպատակով մենք կայացրել ենք եռասերունդ երկրապահական ընտանիքը, այդ նպատակով անցկացնում ենք պատանի երկրապահների հրամանատարասերժանտական դասընթացներ` ներգրավելով այդ գործընթացում պաշտպանության, կրթության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, սոցիալական հարցերի նախարարությունների, ոստիկանության, կադաստրի մասնագետներին, հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորներին: Կարեւորագույն գործ եմ համարում ի հիշատակ հայոց Մեծ եղեռնի սրբադասված նահատակների` Ջուղայի խաչքարերի տեղադրումը Հայաստանի, Արցախի, նաեւ` Սփյուռքի բոլոր տարածքներում: Արդեն մոտ 4 տասնյակ խաչքար տեղադրել ենք, պրոցեսը շարունակական է: [b]-Պարոն գեներալ, չեմ կարող չնկատել, որ Դուք մեծ տեղ եք տալիս մայրերին: [/b] -Մայրապաշտ սերունդ դաստիարակելը եւս Երկրապահի առաջնահերթություններից է: Ուստի ես հրաման եմ ստորագրել բոլոր երկրապահների մայրերին, բոլոր երկրապահ մայրերին «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով պարգեւատրելու վերաբերյալ: Բնականաբար, հատուկ շնորհակալություն ենք հայտնելու հայոց մեծ մայրիկին` մեր ազգին Սպարապետ պարգեւած Գրետա մայրիկին: Նոյեմբերի 28-ին տոնելու ենք լեգենդար 5-րդ բրիգադի կազմավորման 23-րդ տարեդարձը, բրիգադ, որ ստեղծվեց կամավորական ջոկատների եւ զինծառայողների համագործակցությամբ: Դա եւս կարեւոր իրադարձություն է, քանի որ 5-րդ բրիգադը հաղթական լուրջ ուղի է անցել: Ես պատիվ եմ ունեցել ղեկավարելու այդ հզոր բանակային կազմավորումը եւ անձամբ ճանաչում եմ բրիգադի բոլոր քաջերին` զոհվածներին, թե նրանց, ովքեր այսօր էլ պատվով ծառայում են հայրենիքին: 5-րդի մարտիկներին, բոլոր ազատամարտիկներին, երկրապահ հայ ազգին շնորհավորում եմ հաղթանակի լեգենդար բրիգադի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին նաեւ կարեւոր եմ համարում մասնակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հանգանակությանը: Կարեւորը նույնիսկ տված գումարի չափսը չէ, այլ գիտակցումը, որ ամեն մի հայ պարտավոր է մասնակից լինել այս համազգային ակցիային: Եթե մարդը հայ է, որտեղ էլ նա բնակվելիս լինի` Երեւանի կենտրոնում, թե աշխարհի որեւէ անկյունում, Հայաստանն իր հայրենիքն է: Ամեն հայ իր կարեցածի չափով պետք է մասնակից լինի Արցախի, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բարեկարգմանը, ճանապարհների ասֆալտապատմանը, ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերի անցկացմանը: Երկրապահի բոլոր սերունդներն էլ, մեկ մարդու նման, ակտիվորեն մասնակցում են հանգանակությանը, մենք փորձում ենք անգամ մուծումներ անել մեր մահացած հարազատների, նահատակված մեր ընկերների անունից, նրանց փոխարեն, որպեսզի ցույց տանք, որ այդ մարդիկ եւս այսօր շարքում են, կանգնած են հանուն հայրենիքի: [b]-Պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ անցած եւ սպասվելիք իրադարձությունների շուրջ Ձեր տեսակետներով մեզ հետ կիսվելու համար: [/b] -Ես էլ շնորհակալ եմ Ձեզ եւ Ձեր ընթերցողներին իրար հետ շփվելու այսպիսի առիթները հաճախ ստեղծելու համար: Զրուցեց [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր