ՀՀ մշակույթի նախարարը ներկա է եղել «Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմի ցուցադրությանը. տեսանյութ
Հայկական պետական մանկավարժական համալսարանում նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Արթուր Բախտամյանի «Չարտասանված Նոբելյան ճառեր» 4 մասից բաղկացած ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, դասախոսներ, ուսանողներ, ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներ։
Ֆիլմը ներկայացնում է արևմտահայ չորս նահատակ մտավորականների՝ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի ենթադրյալ Նոբելյան ճառերը` հեղինակների ստեղծագործության, կյանքի, իղձերի ու հիասթափությունների վավերական հիմքերով: Նկարահանումները կատարվել են Արևմտյան Հայաստանում և Հայաստանի Հանրապետությունում։
Նախագծի հեղինակ Արթուր Բախտամյանը տեղեկացրեց, որ արդեն պատրաստ է «Չարտասանված Նոբելյան ճառերի» անգլերեն թարգմանությունը, որը կձայնագրվի «Paramount» ամերիկյան նշանավոր ստուդիայում։
Ծրագրում են, որպեսզի հնչյունավորողները լինեն հայտնի դերասաններ, որպեսզի անգլիախոս լսարանի համար այդ ձայները ծանոթ լինեն: Հեղինակները ֆիլմը դրսում ցուցադրելու առաջարկներ նույնպես ստացել են։ Հայաստանում այն շարունակելու են ներկայացնել բուհական և մասնագիտական լսարանների համար։
«Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմը նկարահանվել է ՀՀ Նախագահի աշխատակազմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։