211652_close_icon
views-count1148 դիտում article-date 22:45 17-11-2015

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հանդիպում է ունեցել «Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի» պատվիրակության հետ

Նոյեմբերի 17-ին նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ՀՀ ԱԳՆ-ում ընդունեց գերմանական «Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի» պատվիրակությանը, որը գլխավորում էր հիմնադրամի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի դեպարտամենտի ղեկավար՝ դկտ. Ռայնհարդ Քրումը: Շնորհավորելով Հարավային Կովկասում հիմնադրամի գործունեության 20-ամյակը, ԱԳ նախարարի տեղակալը կարևորեց կազմակերպության գործունեությունը, որը նպատակաուղղված է տարածաշրջանում ժողովրդավարության, խաղաղության և սոցիալական հավասարության խթանմանը` քաղաքական երկխոսության, կրթության և ուսումնասիրությունների միջոցով: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային համագործակցության առնչությամբ, անդրադարձան ինտեգրացիոն տարբեր գործընթացներին, ինչպես նաև Հայաստան–ԵՄ հարաբերությունների հեռանկարներին: Ռայնհարդ Քրումի խնդրանքով Կարեն Նազարյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորմանը միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերն ու դրանց հակադրվելու նպատակով շփման գծի ու սահմանային շրջաններում ադրբեջանական կողմի շարունակվող սադրիչ գործողությունների հետևանքները բանակցային գործընթացի վրա: Հանդիպմանը Հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձ կատարեցին նաև տարածաշրջանում իրենց գործունեության տարբեր ասպեկտներին և առաջիկա ծրագրերին: Տեղեկանք. Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը շահույթ չհետապնդող գերմանական քաղաքական հիմնադրամ է, որի գործունեության առանցքում սոցիալական ժողովրդավարության սկզբունքներն են: Այն հիմնվել է 1925թ. և կրում է ժողովրդավարական հիմունքներով ընտրված Գերմանիայի առաջին նախագահի` Ֆրիդրիխ Էբերտի անունը: Հիմնադրամի կենտրոնական գրասենյակները գտնվում են Բեռլինում և Բոննում, մասնաճյուղեր կան աշխարհի շուրջ 90 երկրներում:

Նմանատիպ նյութեր