1913 դիտում
22:17 10-11-2015
Վարչապետ Աբրահամյանը ներկա է գտնվել Երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառմանը. ֆոտոռեպորտաժ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է երիտասարդներին տոնական օրվա առթիվ, ինչպես նաև միջոցառմանը ներկա ուսանողներին՝ գալիք Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:
Վարչապետը նշել է, որ երիտասարդությունը և մանավանդ ուսանող երիտասարդությունը մեր երկրի վաղվա դեմքն են: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ նրանց մեջ են մեր վաղվա գիտնականները, ստեղծագործ մտավորականները, քաղաքական գործիչները և ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր վաղը պետք է մեր ողջ երկրի ու ժողովրդի անունից կայացնեն պատասխանատու որոշումներ: «Դուք այն սերունդն եք, որ ծնվել է անկախ Հայաս¬տանում, որ անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ է ունեցել և ունի ստանալու թե՛ գիտական, թե՛ ցանկացած այլ տեղեկատվություն աշխարհի մասին: Դուք անձամբ ձեզ համար, ձեր ընտանիքների և երկրի համար կարող եք անել ավելին, քան արել են ձեր նախնիները: Ես դրանում համոզված եմ:
Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաների բացառիկ առաջընթացը, որ կարելի է թռիչք անվանել, կրկին գալիս է հաստատելու և ընդգծելու, որ մարդկային կապիտալն ավելի թանկ է, քան բնական ռեսուրսները: Դուք մեր ժողովրդի համար և ինքներդ ձեզ համար պիտի դառնաք այդ մարդկային կապիտալը, որը դատապարտված է մրցելու բնական ռեսուրսներ վաճառողների հետ. ավելին՝ դատապարտված է նրանց հաղթելու: Մեկ սերնդի աչքի առաջ վերափոխվեց աշխարհը: Ձեր սերնդի կյանքի ընթացքում այդ փոփո¬խու¬թյուն¬ները լինելու են ավելի արմատական ու տեսանելի: Ձեր երեխաները ընտրելու են մասնագիտություններ, որոնց մասին դուք գաղափար չունեք, որովհետև այդ մասնագիտություններն այսօր դեռ գոյություն չունեն: Ես խոսում եմ վաղվա աշխարհի և վաղվա Հայաստանի մասին: Ես խոսում եմ այն հասարակության մասին, որը վաղը պետք է ներկայանա ձեզնով»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այդ հասարակությունը կարող է լինել մրցունակ և ունենալ իր տեղն աշխարհում միայն մի դեպքում: Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ միակ դեպքը ժողովրդավարական, ազատ, բայց միաժամանակ լավ կազմակերպված հասարակությունն է, լավ կազմակերպված և արդյունավետ պետական համակարգ ունենալն է: Դրան հասնելու ճանապարհը, վարչապետի խոսքով, սահմանադրական բարեփոխումներն են:
«Ահա հենց այդպիսի փոփոխությունների համար է Սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնել անձամբ մեր երկրի Նախագահ Սերժ Սարգսյանը: Կառավարման խորհրդարանական համակարգը կտրուկ արագացնելու է ժողովրդավարացման գործընթացները: Սա այն համակարգն է, որտեղ մրցում են ո՛չ թե անձերը, այլ կուսակցությունները, գաղափարները, սկզբունքները: Պետք է հավատալ ժողովրդին և հարգել նրա ընտրությունը: Միայն այսպես մենք կարող ենք մրցունակ լինել վաղվա աշխարհում: Ոմանք ասում են (նաև անձամբ ինձ են ասում), թե խորհրդարանական համակարգը սկզբունքորեն վատը չէ, բայց մեր կուսակցությունները, մեր հասարակությունը պատրաստ չեն նման քայլի: Իմ պատասխանը հստակ է. «Իսկ ե՞րբ ենք պատրաստ լինելու»: Եթե այսօր քայլեր չձեռնարկենք, վաղն առավել ևս պատրաստ չենք լինի: Մարտահրավերներին պետք է դիմակայել, խոչընդոտները պետք է հաղթահարել, հարցերին պետք է պատասխաններ գտնել: Ո՛չ թե արդարացումներ հորինել, թե իբր պատրաստ չենք: Այդպես մենք ոչ մի բանի պատրաստ չենք լինի: Համոզված եմ, որ հենց սահմանադրական բարեփոխումներն են, որ խթանելու են խոշոր և ազդեցիկ կուսակցությունների ձևավորումը մեզանում: Ովքեր պատրաստ չեն, ստիպված են լինելու պատ-րաստվել, ովքեր դեռ բավականաչափ հասուն չեն, ստիպված են լինելու հասունանալ: Սա է առաջընթացի միակ ուղին»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ որևէ հասարակության կենսունակ լինելու կարևոր չափանիշ է այն, թե երիտասարդներն ինչպիսի սոցիալական սանդուղքներ ունեն վեր բարձրանալու համար: Որևէ ոլորտում (լինի ձեռներեցություն, պետծառայություն, թե այլ) երիտասարդները պետք է ունենան աճի հեռանկար և հնարավորություն: «Առաջարկվող նոր համակարգը փոխադարձ վերահսկողության և հակակշիռների ավելի մեծ հնարավորություններ է տալիս: Եվ դուք առաջինն եք, ով պետք է շահագրգռված լինի այդ բարեփոխումներով: Եթե դուք՝ երիտասարդներդ, ցանկանում եք լինել հաջողակ, ուրեմն ձեզ պետք է արդար ու ազատ մրցակցության դաշտ, ո՛չ թե ծանոթ ու բարեկամ:
Մեկ անձի շուրջը ձևավորված կուսակցությունները ապագա չունեն քաղաքակիրթ աշխարխում որևէ տեղ, այդ թվում՝ Հայաստանում: Հայ ժողովրդի հավաքական ուժը առավելագույնս կարող է դրսևորվել հենց խորհրդա-րանական համակարգում, իսկ խորհրդարանը հենց այդ հավաքական ուժն է: Ասվածը չի նշանակում խուսափել անհատական պատասխանատվությունից, չի նշանակում չունենալ առաջնորդներ: Ավելին, ես համոզված եմ, որ այս դահլիճում նստած են ոչ քիչ թվով մարդիկ, ովքեր իրենց խառնվածքով, նկարագրով և տեսական գիտելիքներով պատրաստի երիտասարդ առաջնորդներ են: Խոսքը հայ ժողովրդի հավաքական ուժին օրինական իշխանությամբ օժտելու և նրան վերահսկելու մասին է: Սիրելի՛ երիտասարդներ, դարձրեք ձեր երկիրը ավելի լավը և իմացեք, որ մենք պատրաստ ենք կրկնապատկել ձեր այդ ջանքերը: Մենք ձեզ հետ ենք»,- ասել է վարչապետ Աբրահամյանը՝ համոզմունք հայտնելով, որ այսօր, ավելի քան երբևէ, մեզ պետք է համերաշխություն և հանդուրժողականություն: «Համոզված եմ, որ մենք բոլորս միասին մեր երկիրը տանելու ենք առաջ: Դա է մեր ապագան»,- եզրափակել է վարչապետը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
3440 դիտում
15:00 01-05-2017
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2307 դիտում
19:12 28-01-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2829 դիտում
19:05 28-01-2020
Բակո Սահակյանը ներկա է գտնվել Հայրենյաց պաշտպանի օրվան նվիրված տոնական միջոցառմանը
Այս բաժնից
1252 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4714 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած