2766 դիտում
19:14 30-10-2015
Վարդենիսում ևս գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն է բացվել
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում մասնակցել է գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ֆերմերներ և հյուրեր:
Նոր մասնագիտացված կենտրոնը հիմնվել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների ստեղծում» ծրագրի շրջանակում: Այն համայնքի անասնաբույժներին, ֆերմերներին և գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներին կտրամադրի տեխնիկական և բիզնես օժանդակություն կենդանիների առողջությանը և անասնապահությանն առնչվող հարցերում։ Կենտրոնում աշխատելու են բարձրակարգ մասնագետներ, որոնք ցանկացողներին կմատուցեն անհրաժեշտ խորհրդատվական ծառայություններ:
«Ընդամենը մի քանի օր առաջ մարզի Հայրավանք համայնքում մենք բացեցինք նմանատիպ անասնաբուժական կենտրոն, իսկ մոտ օրերս արդեն Ճամբարակում նախատեսված է թվով երրորդ կենտրոնի բացումը: Ես վստահ եմ, որ այս ծրագրի շնորհիվ մենք նոր ձեռքբերումներ ենք ունենալու, և այն կնպաստի մեր գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը, ինչ մեր հիմնական գերխնդիրն է», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ Գեղարքունիքի մարզը կարևոր տեղ է զբաղեցնում հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում. մասնավորապես անասնագլխաքանակի, հացահատիկի, կարտոֆիլի արտադրության, ինչպես նաև վարելահողերի մշակության ծավալների առումով առաջատարն է:
Իր խոսքում կարևորելով մարզում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը, որին վերջին տարիներին մեծապես նպաստել է CARMAC ծրագիրը, նախարարը նշել է, որ փոքր, մասնատված հողակտորներով հնարավոր չէ զարգացնել արդյունաբերական գյուղատնտեսություն, ուստի ոլորտին վերաբերող առաջիկա ծրագրերը ուղղված են լինելու հենց կոոպերացիայի զարգացմանը:
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին վերահաստատել է ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը Հայաստանի հետ գործակցել բոլոր ոլորտներում` շեշտելով, որ գյուղատնտեսությունը երկրի կենսական նշանակության կարևորագույն ոլորտներից մեկն է: Նա նշել է, որ դեսպանությունը, հիմնականում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի միջոցով աշխատում է ֆերմերային գործունեությամբ ու անասնապահությամբ զբաղվողների հետ՝ ապահովելու նրանց այնպիսի միջոցներով ու գործիքներով, որոնք թույլ կտան մրցունակ լինել տեղական ու տարածաշրջանային գյուղատնտեսական շուկաներում ու ծաղկում ապրել:
Նմանատիպ նյութեր
2817 դիտում
20:28 20-10-2015
Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում բացվել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն
3978 դիտում
20:10 19-07-2018
Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում բացվել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն
Այս բաժնից
817 դիտում
18:58 14-11-2024
Հերոսներին` դավաճան, իսկ դավաճանին` հերոս դարձրեցիք. Գարիկ Ուրումյան
616 դիտում
18:57 14-11-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ
781 դիտում
18:50 14-11-2024
Շուտով ականատես ենք լինելու Նիկոլի ու Ալիևի երկար գիշերներին․ Հովհաննես Շահինյան. Hayeli.am