ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Ժուժաննա Յակոբը Մինսկում շրջանակային համաձայնագիր են ստորագրել
Միսնկում անցկացվող ԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Ժուժաննա Յակոբը ստորագրվել են շրջանակային համաձայնագիր, որով սահմանվում են երկու կառույցների միջև 2016-2017թթ. նախատեսվող համագործակցության ուղղությունները:
Ստորագրված փաստաթղթով նախատեսված է շարունակել համագործակցությունը իմունականխարգելման, տուբերկուլոզի ազգային ծրագրի, հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումների, հանրային առողջապահական կարողությունների հզորացման, ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների ուսումնասիրման և վերահսկման համակարգի ստեղծման, մոր և մանկան առողջության պահպանման, միջազգային առողջապահական կանոնների կիրառման, ինչպես նաև այլ ուղղություններով:
Նշենք, որ հոկտեմբերի 21-ից 22-ը Մինսկում անցկացվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն-2020» ռազմավարության համատեքստում մարդու կյանքի բոլոր փուլերում առողջապահական մոտեցումների իրականացմանը նվիրված ԱՀԿ նախարարական համաժողովը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի և Բելառուսի առողջապահության նախարարության ջանքերով կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին եվրոպական տարածաշրջանի երկրների առողջապահության նախարարներ, ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, դիտորդներ։
Համաժողովի շրջանակում քննարկվեցին մարդու կյանքի տարբեր փուլերում և սերնդեսերունդ փոխանցվող առողջությանը նպաստող կամ վնասող գործոնները` դրանց նշանակությունն ինչպես առողջապահության, այնպես էլ` պետական կառավարման բնագավառներում որոշելու համար: