211652_close_icon
views-count950 դիտում article-date 21:52 21-10-2015

Նախարար Նալբանդյանը ընդունեց Կարմիր խաչի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավարին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ ղեկավար Պատրիկ Վիալին։ Ողջունելով հյուրին եւ մաղթելով հաջողություն իր պատասխանատու առաքելությունում՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում կամզակերպության մարդասիրական ակտիվ գործունեությունը՝ միաժամանակ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը սերտորեն համագործակցել կազմակերպության հետ և ամենայն աջակցություն ցուցաբերել հումանիտար ճգնաժամերի կանխմանն ուղղված նրա ջանքերին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԿԽՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալը ներկայացրեց տարածաշրջան իր այցելության նպատակն ու արդյունքները, Բավքում և Ստեփանակերտում ունեցած հանդիպումների տպավորությունները։ Նա նշեց, որ կազմակերպությունը շարունակելու է հավատարիմ մնալ իր չեզոք մարդասիրական առաքելությանը։ Անդրադրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նախաձեռնություններին, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասաց, որ մերժելով միջնորդների առաջարկները՝ Բաքուն իր վրա է վերցնում իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը։ Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց ԿԽՄԿ գործունեությունը հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծեց. «Բաքվի կողմից զուտ հումանիտար հարցերը և դրանց շուրջ համագործակցությունը քաղաքականացնելու և շահարկելու փորձերը ի ցույց են դնում ադրբեջանական կողմի անհարգալից վերաբերմունքը զոհերի և անհայտ կորածների նկատմամբ»: ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրենը բարձր գնահատեց անհայտ կորածների ճակատագրերը պարզելու հարցում Հայաստանի կառուցողական համագործակցությունը։

Նմանատիպ նյութեր