211652_close_icon
views-count1099 դիտում article-date 15:22 10-10-2015

Տարոն Մարգարյանը «Էրեբունի-Երևան 2797»-ի շրջանակներում հանդիպել է գերմանական մի շարք քաղաքների քաղաքապետերի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան այցելած Գերմանիայի Մուգենստրում քաղաքի քաղաքապետ Դիդմար Սպաթի, Աբշտայնախ քաղաքի քաղաքապետ Ռոլֆ Ռեյնարդի և Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերայի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևանում կրկին հյուրընկալվելու համար` քաղաքապետը նկատել է, որ այս հանդիպումն իր հերթին կնպաստի, որ գերմանական քաղաքների հետ նախանշված գործակցության ծրագրերն ընդլայնվեն ու գործնական ընթացք ստանան: «Այս տարվա հունիս ամսին տեղի ունեցած Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի ու Գերմանիայի քաղաքապետերից կազմված ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպմանն այսօր հաջորդում է հերթականը, որն արդեն առանձնանում է մշակութային ծրագրերով: Շնորհակալ ենք, որ ընդունել եք մեր հրավերն ու Ձեր մասնակցությունն եք ունենալու «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում կազմակերպվող միջոցառումներին: Սա ևս խոսում է այն մասին, որ մեր բարեկամական փոխգործակցությունը շարունակական է»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Պատվիրակության ղեկավար, Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերան բոլորի անունից շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հրավերի համար, նաև համոզմունք է հայտնել, որ հանդիպմանը ներկա Մուգենստրումի և Աբշտայնախի քաղաքապետերի հետ միասին կանի հնարավորը, որպեսզի առաջիկայում Երևանի և գերմանական քաղաքների միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական դառնան: «Երևանում կրկին գտնվելն իրոք հաճելի է, և պետք է խոստովանեմ, պարոն քաղաքապետ, որ Երևանն իսկապես ջերմ ու հյուրընկալ քաղաք է, ինչն արդեն մենք վայելում ենք երկրորդ անգամ: Մեզ համար մեծ պատիվ է այս օրերին գտնվել Երևանում և առավել մոտիկից ծանոթանալ հազարամյակների պատմություն ունեցող քաղաքի ավանդույթներին ու մշակույթին: Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացմանն ականատես եղանք դեռևս մեր առաջին այցի ժամանակ, փաստում են, որ Երևանը թեև հին, բայց երիտասարդ ու դինամիկ զարգացող քաղաք է: Եվ վստահեցնում եմ Ձեզ, որ կանենք հնարավորը՝ գերմանական քաղաքների և Երևանի միջև գործընկերային համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ»,- նշել է Բրայան Սթիվեն Ֆերան: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու գերմանական քաղաքների հետ և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու փորձի փոխանակման, ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության զարգացման, քաղաքացիների սպասարկման, կառավարման, այդ թվում նաև Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր