2927 դիտում
18:35 02-10-2015
«Ձեր պայքարն ավելի շատ ընդդեմ է, քան հանուն». Ռուսլան Բաղդասարյան
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մի քանի օր է՝ հետևում եմ համացանցային ստորագրահավաքին, որով քաղաքացիները պահանջում են այս տարի Երևանի տոնը չեղյալ անել և նախատեսված գումարներն ուղղել հակառակորդի կրակոցներից տուժած սահմանամերձ գյուղերին։ Իհարկե, ես իրավասու չեմ քաղաքի կամ քաղաքապետարանի անունից դիրքորոշում հայտնել, և այն, ինչ կասեմ, իմ անձնական տեսակետն է՝ որպես ՀՀ քաղաքացի, Երևան քաղաքի բնակիչ Ռուսլան Բաղդասարյան։
Տղերք, ասում եք՝ եկեք Երևանի տոնակատարությունը չեղյալ անենք։ Առաջարկում եք, կոչ եք անում, խնդրում կամ պահանջում՝ դա էական չէ։ Եկեք նաև մի կողմ թողնենք այն հարցը, թե մի քանի հազար հոգու ստորագրությամբ ինչպե՞ս կարելի է կամքը պարտադրել մի քանի հարյուր հազար քվե ունեցող զանգվածին։ Մի խոսքով՝ եկեք իրավական ու տեխնիկական կողմերը մի կողմ դնենք ու միասին հասկանանք՝ ինչո՞ւ պետք է տոնակատարությունը չեղյալ արվի, և դրանից մենք ի՞նչ կշահենք և ի՞նչ կկորցնենք։
Լավ, ասենք՝ չեղյալ հայտարարվեց քաղաքի տոնը, հետո՞։ Խոստովանենք, որ Երևանի տոնակատարության բյուջեով սահմանամերձ շրջանների խնդիրը չի լուծվի, օգուտը չնչին է լինելու։ Միգուցե կասեք՝ ոչինչ, թող փոքր լինի։ Լավ, բայց այդ դեպքում եկեք նաև վնասն էլ նայենք։ Հասկանանք՝ ի՞նչ է տալիս Երևանի տոնը (հաճելի տրամադրությունից բացի), և ինչ ենք կորցնում՝ հրաժարվելով այս տոնից։
Նախ՝ Երևանի տոնն այն հատուկենտ ավանդական տոներից է, որ մեր համաքաղաքացիները սիրով նշում են։ Ովքեր մոռացել են, թող աչքի անցկացնեն մեկ տարի առաջվա միջոցառումների մասին պատմող հոդվածներն ու գրառումները։ Անգամ ամենածայրահեղ ընդդիմադիր գործիչները դրական էին արտահայտվել և իրենց երեխաների հետ վայելել էին քաղաքի տոնը։
Բացի այդ, Երևանի տոնին Հայաստան են այցելում մեծ թվով արտասահմանյան հյուրեր։ Հետո նրանք դառնում են մեր քաղաքի «դեսպանները»՝ պատմում են մեր քաղաքի մասին։ Այսինքն՝ Երևանի տոնը զբոսաշրջությանը նպաստող լուրջ գործոն է, ինչից կոչ եք անում հրաժարվել։ Առավելևս, որ արդեն իսկ կատարվել են ծախսեր, ուղարկվել են հրավերներ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ։ Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ է ճիշտ՝ չեղյալ անել հրավերները, անլուրջ տպավորություն թողնել արտասահմանցիների վրա։
Մի կարևոր մտայնության մասին էլ նշեմ։ Երևանի տոնի համար կատարված ծախսը ջուրը չի գնում։ Այդ գումարը, ի վերջո, ստանում են մեր համաքաղաքացիները. դիզայները, բանվորը, երգիչը, դերասանը և այլք։ Այսինքն՝ այն, ինչը քաղաքապետարանի տեսանկյունից՝ ծախս է, մեր հարյուրավոր քաղաքացիների տեսանկյունից՝ եկամուտ է։ Եկամուտ, որը ծախսվելու է մեր քաղաքում ու մուլտիպլիկատիվ էֆեկտով թեկուզ մի փոքր աշխուժացնի տնտեսությունը։
Այնպես որ, «ծախս» բառը պետք չի ներկայացնել միայն բացասական իմաստով։
Այս ամենը հաշվի առնելով՝ եկեք ինքներս մեզ հարց տանք՝ ճի՞շտ է արդյոք տոնը չեղյալ անելը։ Ես գտնում եմ՝ ՈՉ։ Որովհետև այդ տրամաբանությամբ պետք է չեղյալ հայտարարենք նաև Ամանորի տոնակատարությունները, Սեպտեմբերի 21-ն ու մյուս տոները։ Եկեք ծնունդ ու հարսանիք նույնպես չնշենք… Պատրա՞ստ եք։
Լավ է, որ մտահոգ եք սահմանամերձ համայնքների հարցով, բայց պետք չէ ամեն ինչ ծայրահեղացնել ու հակադրության մեջ դնել։
Վերջում նաև նշեմ մի կարևոր բան, չնայած գիտեմ, որ խոսքերս շատերին դուր չեն գա։ Նման կոչով հանդես եկողների մեջ կան ինձ հարազատ և իմ կողմից հարգված շատ մարդիկ։ Բայց կան և այնպիսիք, որոնց անկեղծությանը չեմ հավատում։ Դրանք այն մարդիկ են, ովքեր գիտակցական կյանքում մեկ անգամ էլ չեն եղել սահմանամերձ շրջանում կամ ԼՂՀ-ում։ Նրանց եթե ասես՝ ծննդյանդ օրը մի նշիր (կամ՝ համեստ ձևով նշիր) և խնայած գումարի մի մասն ուղարկիր սահմանին վիրավորված զինվորին՝ քեզ հոգեկան հիվանդի տեղ կդնի։ Իսկ սա «հերոսանալու» լավ առիթ է այս տիպի մարդկանց համար. ուրիշներին և իրենք իրենց փորձում են համոզել, որ իրենք օգտակար եղան սահմանապահ համայնքներին… ոչինչ չանելով։ Խոսքը, իհարկե, բոլորին չի վերաբերում։ Բայց նայեք առավել ակտիվ բողոքողների մեջ և կտեսնեք նմանների։
Պետք չի ձևացնել, թե սահմանների ամրության մասին ավելի շատ եք մտածում, քան քաղաքային իշխանությունները։ Երևանի քաղաքապետարանն արդեն տարիներ շարունակ ակտիվ օգնություն է ցուցաբերում ոչ միայն Հայաստանի սահմանամերձ շրջաններին, այլև Լեռնային Ղարաբաղին։ Ասեմ ձեզ, որ չի լինում այդպիսի ամիս, որ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները (լինեն վարչական շրջանների աշխատակազմից, թե քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այլ կառույցներից) չմեկնեն Արցախ կամ Հայաստանի սահմանամերձ շրջաններ և սոցիալական, մշակութային, կոմունալ և այլ հարցերով օգնություն չցուցաբերեն։
Տղերք, ախր պայքարի բնույթը սխալ է։ Ձեր պայքարն այս պահին ավելի շատ ԸՆԴԴԵՄ է, քան ՀԱՆՈՒՆ։ Ձեր պայքարն ԸՆԴԴԵՄ Երևանի քաղաքապետարանի է, ոչ թե ՀԱՆՈՒՆ սահմանների ամրության։ Դա աչք է ծակում»։
Նմանատիպ նյութեր
1117 դիտում
19:52 11-08-2024
Այս պայքարն ի բնե ճշմատության և ճշմարիտ մարդկանց պայքարն է․ Բագրատ Սրբազան
19946 դիտում
22:31 04-05-2019
Ռուսլան Բաղդասարյան. Համոզված եմ, որ սրանք երկար չեն ձգելու այս գործելակերպով
14092 դիտում
20:11 07-05-2019
«Քաղաքապետին փոխանցեք, որ ինձ վրա քրեական գործ հարուցելով՝ Երևանի աղբը չի մաքրվի». Ռուսլան Բաղդասարյան. 168.am
Այս բաժնից
733 դիտում
13:36 16-11-2024
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում կարևորել է ֆինանսական ռիսկերի խիստ վերահսկողությունը
745 դիտում
13:00 16-11-2024
Նախագահը և ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին
1522 դիտում
12:08 16-11-2024
ԱԱԾ-ն կազմակերպում է ընդունելություն «Ագարակ» անցման կետում ծառայության համար