1154 դիտում
16:56 23-09-2015
Հայոց ցեղասպանության մասին թեման` Սաքսոնիա-Անհալթ երկրամասի դպրոցների դասագրքերում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նախարարության դպրոցական կրթության վարչության պետ Թորսթեն Քլիմեն, նախարարության միջազգային և ԵՄ հետ կրթական կապերի պատասխանատու Դր. Ուվե Բիրկհոլցը և նախարարի օգնական Միխայել Շուլցը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:
Ողջունելով հյուրերին` Արմեն Աշոտյանը նշել է, որ Շտեֆան Դորգերլոհը մշտապես սպասված հյուր է Հայաստանում: "Կրթության և գիտության ոլորտում Գերմանիայի հետ հարաբերությունների ողջ ներկապնակում իր ուրույն և ընդգծված տեղն ունի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ համագործակցությունը` նաև շնորհիվ մեր լավ գործընկեր Շտեֆան Դորգերլոհի, ում արդյունավետ աշխատանքի շնորհիվ բոլոր պլանավորված աշխատանքները կարճ ժամանակահատվածում կյանքի են կոչվում",-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ այդ համագործակցության ամենափայլուն արդյունքն աշակերտական փոխանակման ծրագրերն են, երբ երիտասարդներին տրվում է յուրահատուկ հնարավորություն` սովորել արտերկրում: Նախարարը նաև հայտնել է հայկական կողմի` գերմաներենի խորացված ուսուցմամբ դպրոցներից մեկի հենքի վրա Հայաստանում գերմանական գիմնազիա հիմնելու ցանկությունը:
Շտեֆան Դորգերլոհն իր հերթին նշել է, որ հայկական հյուրընկալությունն իրապես լեգենդար է: "Ուրախ եմ, որ ամեն անգամ Հայաստան այցելելիս ոչ միայն գործընկերների, այլև ընկերների եմ հանդիպում: Մեր համագործակցության 10 տարիների ընթացքում իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր, և ներկայումս նախանշվում են նոր նախագծեր: Նախօրեին հանդիպել եմ Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտների հետ: Նշեմ, որ շատ տպավորիչ էր այդ աշակերտների ոչ միայն գերմաներենի իմացության մակարդակը, այլև առհասարակ Գերմանիայի մասին գիտելիքների մեծ պաշարը: Հանդիպմանը ներկա էին նաև Գերմանիայից փոխանակման ծրագրով Հայասատան այցելած աշակերտներ, ովքեր ցանկանում էին առավել երկար մնալ այս հրաշալի երկրում",-նշել է Շտեֆան Դորգերլոհը` ընդգծելով, որ փոխանակման ծրագրով արդեն Հայաստան են այցելել Գերմանիայի դպրոցների տնօրեններ և ներկայումս հայ տնօրենների հերթն է: Նա նաև տեղեկացրել է, որ մեկ տարի առաջ ՀՀ ԿԳ նախարարի հետ քննարկված` Սաքսոնիա-Անհալթ երկրամասի դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին թեման ներառելու խնդիրն իր դրական լուծումն է ստացել: "Այսօր արդեն կարող եմ Ձեզ հանձնել առաջին, նոր տպագրված ձեռնարկը, որի առաջին 4 գլուխները վերաբերում են Ցեղասպանություններին, այդ թվում` Հայոց Ցեղասպանությանը",-նշել է Շտեֆան Դորգերլոհը` Արմեն Աշոտյանին հանձնելով ձեռնարկի օրինակը:
ՀՀ կրթության և գիտության նախարարը. շնորհակալություն հայտնելով վերոնշյալ նախաձեռնության համար, նշել է, որ շատ հուզիչ և հատկանշական է, երբ ձեռնարկը տպագրվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Արմեն Աշոտյանն առաջարկել է գերմանական գիմնազիայի և երկրամասի դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին թեման ներառելու փորձը ներկայացնել Գերմանիայի կրթության և մշակույթի նախարարների ֆեդերալ համայնքի նիստին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում Գյոթեի ինստիտուտի լեզվական կենտրոնի աշխատանքներին:
Նմանատիպ նյութեր
842 դիտում
22:13 15-07-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի պատվիրակությանը
968 դիտում
16:03 25-09-2015
Նախագահն ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհին
Այս բաժնից
529 դիտում
19:23 07-11-2024
Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԵԽ Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարին
754 դիտում
19:08 07-11-2024
Քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը
745 դիտում
18:54 07-11-2024
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին