1249 դիտում
17:38 08-09-2015
Նախարար Նալբանդյանի խոսքը Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների դեմ բռնությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին
Հայաստանը խորապես մտահոգված է մեր անմիջական հարևանությամբ` Մերձավոր Արևելքում, ծավալվող իրադարձություններով: Մենք բազմիցս խստորեն դատապարտել ենք այսպես կոչված «Իսլամական պետության» և ահաբեկչական այլ խմբերի կողմից իրականացվող ոճրագործությունները, որոնք սպառնալիք են հանդիսանում, ինչպես տարածաշրջանի ժողովուրդների համար, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ կազմել է Մերձավոր Արևելքի մշակութային բազմազանության ուրույն մասնիկներից մեկը: Մենք երախտապարտ ենք այս տարածաշրջանի ժողովուրդներին, ովքեր մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին: Այժմ, երբ վտանգված է տարածաշրջանի ժողովուրդների կյանքը և էթնիկ ու կրոնական համայնքների գոյությունը, մենք մեր բարոյական պարտքն ենք համարում կանգնել նրանց կողքին։
Այս բռնություններից անմասն չեն մնացել նաև մեր հայրենակիցները, որոնցից շատերը ահաբեկչական հարձակումների զոհ են դարձել, ավերվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, մշակութային ու կրթական հաստատություններ: Ինչպես հարյուր տարի առաջ, տասնյակ հազարավոր հայեր՝ Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին, այսօր ևս ստիպված բռնել են գաղթի ճամփան: Միայն Սիրիայից շուրջ 15 հազար հայեր ապաստան են գտել Հայաստանում:
Տիկնայք և պարոնայք,
Սիրիայում և Իրաքում ահաբեկչական ուժերի կողմից հետապնդվող էթնիկ և կրոնական խմբերի պաշտպանությունը պահանջում է գործողությունների համադրում և համակողմանի աջակցություն, այդ թվում՝ հումանիտար օգնության տրամադրում ինչպես փախստականներին, այնպես էլ՝ այն վտանգված համայնքներին, որոնք ահաբեկիչների թիրախ են դարձել։ Միջազգային աջակցությունը չպետք է տարանջատվի առաջնային և երկրորդական ուղղությունների և պետք է տրամադրվի բոլոր տուժածներին:
Պատահական չէ, որ ահաբեկչական խմբավորումները պատերազմ են վարում այս տարածաշրջանի ժողովուրդների մշակութային ժառանգության դեմ: Պատմության և հավաքական հիշողության միջոցով են սերունդներին փոխանցվում այն համամարդկային արժեքները, որոնց վրա խարսխվում է քաղաքակրթությունը, հանդուրժողականությունը, համակեցությունը, հարգանքը այլոց մշակույթի և կրոնի նկատմամբ: Արժեքներ, որոնք հակադրվում են ահաբեկիչների քարոզած այլատյացության և խտրականության գաղափարախոսություններին: Բազմաթիվ իսլամական սրբավայրերի, հնամյա Պալմիրայի և Նիմրուդի մշակութային կոթողների ավերումը, Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը և նմանօրինակ այլ վայրագությունները քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ են:
Անհապաղ կերպով պետք է մշակվեն մեխանիզմներ՝ զրկելու համար ահաբեկիչներին միջոցներից, ֆինանսական աղբյուրներից, խոչընդոտելով օտարերկրյա գրոհայինների ներհոսքը` թույլ չտալ հարևան երկրների տարածքների օգտագործումը անդրսահմանային հարձակումների համար։ Միջազգային իրավունքը պատասխանատվություն է սահմանում ոչ միայն մարդկության դեմ հանցագործությունների իրագործման, այլև՝ հանցակցության համար, և այս իրողությունը երբևէ չպետք է մոռանան նրանք, ովքեր ժխտում և արդարացումներ են փնտրում անցյալի ոճրագործությունների համար և խրախուսում են ներկայիս բռնությունները:
Տարածաշրջանի էթնիկ և կրոնական համայնքների դեմ ծառացած վտանգը զուտ ֆիզիկական չէ, այն նաև քաղաքակրթական մարտահրավեր է: Թե որքանով միջազգային հանրությունը կկարողանա համախմբվել և միասնական ուժերով պայքարել այս չարիքի դեմ, կնախանշի, թե որքանով է այն պատրաստ պաշտպանել իր իսկ քաղաքակրթական արժեքները:
Նմանատիպ նյութեր
3066 դիտում
15:10 24-05-2017
Էդվարդ Նալբանդյանի ելույթը «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով համաժողովին