211652_close_icon
views-count891 դիտում article-date 13:30 08-09-2015

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ

Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի՛ լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Լրագրողի գործունեությունն աշխարհագրական սահմաններ չի ճանաչում, միաժամանակ, լրագրողը կարող է իր գործունեությամբ սահմաններ գծել, ճշմարտության սահմաննները, եւ քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ, մտքի եւ ոգու ուժով, հաճախ նաեւ կյանքով պաշտպանել այն: Ձգտելով մարդկանց ներկայացնել ճշմարտությունը՝ ցավոք, մոլորակի տարբեր թեժ կետերում, ինչպես նաեւ խաղաղ պայմաններում զոհվում են թղթակիցներ ու ֆոտոլրագրողներ՝ մինչեւ վերջ հավատարիմ մնալով մասնագիտությանն ու ընտրած ճանապարհին: Ժամանակակից արագ, այդ թվում՝ նաեւ տեղեկատվության ազդեցությամբ փոփոխվող աշխարհում, որը հաճախ աչքի է ընկնում նաեւ տեղեկատվական պատերազմներով, լրագրողի մասնագիտությունը ամենակարեւորներից է եւ պահանջում է խիզախություն ու արդարամտություն, անաչառություն ու պատասխանատվություն: Իրենց գործունեությամբ լրագրողները հանդես են գալիս որպես քաղաքացիական հասարակության կայացման ու կատարելագործման արդյունավետ միջոց եւ ակտիվ մասնակից, ում մատուցած հավաստի տեղեկատվությունից ու օբյեկտիվությունից, ինչու չէ, նաեւ նրա բարոյական կերպարից կախված են հասարակական կարծիքն ու հասարակության առողջությունը, մարդկանց, պետությունների ու ժողովուրդների ճակատագրեր: Մեր երկրի ԶԼՄ-ները լրագրողական միջազգային ընտանիքի արժանապատիվ անդամն են, հայաստանյան քաղաքացիական հասարակության անքակտելի մասն ու նաեւ շարժիչ ուժը: Հարգելի՛ լրագրողներ, ձեր անհանգիստ ու պատասխանատու աշխատանքը պահանջված է ու անհրաժեշտ, սպասված ու գնահատելի, կենսական՝ պետության առաջընթացի ապահովման տեսանկյունից: Խոսքի ու մարդու մյուս հիմնարար ազատությունների լիարժեք ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու լրագրողի եւ լրատվամիջոցների գործունեության համար ստեղծված պատշաճ միջավայրը Հայաստանի իշխանությունների մշտական առաջնահերթություններից են՝ որպես ժողովրդավարական պետության կենսագործունեության կարեւոր նախապայմաններ: Եւս մեկ անգամ շնորհավորելով Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ առողջություն, լավատեսություն ու հաջողություններ»:

Նմանատիպ նյութեր