211652_close_icon
views-count1397 դիտում article-date 18:08 01-09-2015

Ավարտվել է ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու գործով նախաքննությունը

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի օպերլիազոր Արայիկ Ավագյանը և համայնքային ոստիկանության տեսուչ Արամ Համբարձումյանը տեղեկանալով 2014թ. դեկտեմբերի 7-ի՝ լույս 8-ի գիշերը, անհայտ անձի կողմից քաղաքացի Գ. Պ.-ին պատկանող ավտոտնակից գողություն կատարելու դեպքի մասին, ժամանել են դեպքի վայր: Տեղում հավաստիանալով անհայտ անձի կողմից ավտոտնակի մուտքի դռան փականը կոտրելու միջոցով այնտեղից զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակության մասին, Ա. Ավագյանը և Ա. Համբարձումյանը հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձինք խմբային շահերից ելնելով՝ բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում չբացահայտված հանցագործությունների գծով բացասական ցուցանիշ չունենալու դրդումներով, իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել և պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ: Վերջիններս քրեադատավարական օրենքով սահմանված կարգով կատարված հանցագործության մասին Գ. Պ.-ից գրավոր հաղորդում չեն ընդունել, միջոցներ չեն ձեռնարկել հանցագործության դեպքը սահմանված կարգով գրանցելու, դեպքի վայրը զննելու, հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու ուղղությամբ: Բացի այդ, Արայիկ Ավագյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից սպասարկվող տարածքից քաղաքացի Արտակ Աղանիկյանի կողմից կատարած գողությունների վերաբերյալ նյութեր նախապատրաստելու նպատակով նույն բաժնի օպերլիազոր Վասիլի Վարդանյանի հետ միասին 2015թ. հունվարի 29-ին ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Նարեկ Սիմոնյանի աշխատասենյակում հանդիպելով ինքնակամ բաժին ներկայացած Արտակ Աղանիկյանին, խմբային շահերից ելնելով՝ հանցագործություն կատարած անձին, իբրև, ոստիկանության բաժնի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերելու, բաժին ներկայացնելու, դրանով իսկ ցուցանիշ ապահովելու՝ հանցագործության դեպքերը սեփական ուժերով բացահայտելու պատրանք ստեղծելու մղումներով, նույն օրը կազմել և նյութերին կցելու միջոցով հանձնել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հավաստող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ գողության կասկածանքով անձին՝ Արտակ Աղանիկյանին, Վասիլի Վարդանյանի հետ ոստիկանության բաժին ներկայացնելու մասին ակնհայտ կեղծ արձանագրություն, իսկ Վասիլի Վարդանյանն իր ստորագրությամբ հավաստելու միջոցով անմիջականորեն մասնակցել է Արայիկ Ավագյանի կողմից վերը նշված կեղծ փաստաթուղթը կազմելուն: Բացի այդ, Արայիկ Ավագյանը, քաղաքացուց տեղեկանալով, որ իրենց մուտքի նկուղային մասի մուտքի դռան կախովի կողպեքը կոտրելու միջոցով նկուղներից գողության փորձ 2014թ. ընթացքում չի կատարվել, այդ հասցեից մտացածին գողության փորձի կատարումը Արտակ Աղանիկյանին վերագրելու, դրանով իսկ իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքում բացահայտված հանցագործությունների գծով դրական ցուցանիշ ապահովելու կեղծ հասկացված խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և շենքի սպասարկումն իրականացնող համատիրության աշխատակցին հայտնելով, որ գողության կասկածանքով հիշյալ բաժին բերված Ա. Աղանիկյանը խոստովանել է նրանց մուտքի նկուղային մասի դռան կախովի կողպեքը կոտրելու և նկուղներից գողության փորձ կատարելու մասին, 2015թ. փետրվարի 13-ին ուղղորդել և Լ. Խ.-ից իրականությանը չհամապատասխանող գրավոր հաղորդում է վերցրել նշված մուտքի նկուղային մասից գողության փորձի դեպք կատարված լինելու վերաբերյալ: Դրանից հետո Արայիկ Ավագյանը քաղաքացի Գ. Պ.-ին պատկանող ավտոտնակից 2014թ. դեկտեմբերի 7-ի՝ լույս 8-ի գիշերը, կատարված գողության դեպքին իր կողմից սահմանված կարգով ընթացք չտալու, կատարված հանցագործության դեպքն իր կողմից նախկինում թաքցնելու հանգամանքը քողարկելու, ինչպես նաև հիշյալ դեպքին Արտակ Աղանիկյանի առնչակցությունն ակնհայտ դարձնելու անձնական այլ դրդումներով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերին: Վերջինս 2015թ. փետրվարի 16-ին Գ. Պ.-ից հանցագործության մասին հաղորդում ընդունելիս, նրան խնդրել է թաքցնել նշված հանցագործության կատարման մասին դեռևս 2014թ. դեկտեմբերի 8-ին իրեն տեղեկացնելու հանգամանքը և ուղղորդել է, որպես գողության կատարման «իրական» ժամանակ, հաղորդման մեջ նշի Ա. Աղանիկյանի կողմից տրված բացատրությունում նշված ամսաթիվն ու տարեթիվը: Դրանից բացի, Արայիկ Ավագյանը, քաջատեղյակ լինելով, որ Ա. Կ.-ին պատկանող գույքի գողություն չի կատարվել, նրա նկուղից մտացածին գողության կատարումը վերագրել է Արտակ Աղանիկյանին: Օպերլիազորը Ա. Կ.-ին ուղղորդել և 2015թ. փետրվարի 26-ին նրանից իրականությանը չհամապատասխանող գրավոր հաղորդում է վերցրել այն մասին, թե, իբր, անհայտ անձը 2014թ. հոկտեմբերին նշված նկուղից գողացել է վերջինիս պատկանող ալյումինե և պղնձե կաթսաները: Իր հերթին, հիշյալ բաժնի օպերլիազոր Վասիլի Վարդանյանը Արտակ Աղանիկյանի կողմից գողություններ կատարելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում դատավարական նորմերի պահանջների խախտմամբ՝ առանց ընթերակաների մասնակցության, Ա. Աղանիկյանին ենթարկել է անձնական խուզարկության և անձնական խուզարկությունը դատավարական նորմերի պահանջների խախտմամբ կատարելու հանգամանքը թաքցնելու, այն օրենքի պահանջներին համապատասխան կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող արձանագրությունում մտցրել է անձնական խուզարկությունն, իբր, ընթերակաների մասնակցությամբ կատարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ և այդ կեղծ փաստաթուղթը կցել է նյութերին: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 25.11.2013թ.-ից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի մեկ այլ աշխատակից Արմեն Գրիգորյանը Արտակ Աղանիկյանի կողմից գողություններ կատարելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում՝ 2015թ. հունվարի 29-ին, դատավարական նորմերի պահանջների խախտմամբ՝ առանց ընթերակաների մասնակցության, կատարել է գողության և գողության փորձի դեպքի վայրերի զննություն և նշված դեպքի վայրերի զննությունները դատավարական նորմերի պահանջների խախտմամբ կատարելու հանգամանքը թաքցնելու, այն օրենքի պահանջներին համապատասխան կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ նշված դեպքի վայրերի զննության մասին իր կողմից կազմված արձանագրությունում մտցրել է զննությունը, իբր, ընթերակաների մասնակցությամբ կատարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ և այդ կեղծ փաստաթուղթը կցել է նյութերին: Նույն բաժնի հետախուզության գծով օպերլիազորներ Արայիկ Ավագյանը և Վասիլի Վարդանյանը իրենց ստորագրությամբ հավաստելու միջոցով անմիջականորեն մասնակցել են նշված կեղծ փաստաթուղթը կազմելուն: Արայիկ Ավագյանը նշված դեպքի վայրի զննության արձանագրություններից երկուսում որպես մասնակից չի նշվել, սակայն կեղծիք կատարելով ստորագրել է որպես ընթերակա նշված անձի փոխարեն: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերլիազորներ՝ Արայիկ Ավագյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով, Վասիլի Վարդանյանին և Արմեն Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածների 1-ին մասով, իսկ Արամ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը և այն մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր