211652_close_icon
views-count1474 դիտում article-date 13:25 22-08-2015

Անգին է մեր ստացած հայրենասիրական դաստիարակությունը. Սեյրան Օհանյան. լուսանկարներ

Ծաղկաձորի գլխավոր մարզական համալրիում շարունակվում է «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքը: Օգոստոսի 21-ի մրցութային ծրագրում ներառված էին «Սվինամարտ» և «Առաջին բուժօգնություն և տարհանում» մրցաձևերը: «Սվինամարտ» մրցաձևն անցկացվեց թիմային և անհատական սկզբունքներով: Անհատական պայքարի մասնակիցների կազմում ընդգրկված էին խառը սկզբունքով համալրված դասակների իգական սեռի ներկայացուցիչները: «Առաջին բուժօգնություն և տարհանում» մրցաձևում դասակներն իրենց ուժերը փորձեցին՝ ցուցադրելով դաշտային պայմաններում արյունահոսության դադարեցման, վիրակապման, անշարժացման, շնչահեղձության և տարհանման հմտությունները: Օրվա երկրորդ կեսին «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» մրցույթ-հավաքների մասնակիցներին այցելեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա գտնվեց ընթացող ցուցադրական պարապմունքներին և վարպետության դասերին: Հավաքի մասնակիցների հետ զրույցում Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ մարզաբազայում անցկացվող միջոցառումները և սպորտային մրցույթներն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Նախարարը ևս մեկ անգամ կարևորեց հավաքի դերը երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում. «Հայրենասիրական դաստիարակությունը ցանկացած երկրի ներուժի բաղադրիչն է: Մեր սերունդը պետք է հպարտ լինի, որ հնարավորություն ունի հաջորդ սերունդներին փոխանցելու այն արժեքները, որ ձեռք ենք բերել խորհրդային տարիներին: Անգին է մեր ստացած հայրենասիրական դաստիարակությունը, և անարժեք կլինի մեր գործունեության գինը, եթե պատշաճ մակարդակով չփոխանցենք մեր երեխաներին»: «Միություն-2015»-ի մասնակիցների հետ հանդիպումից հետո նախարարն այցելեց Ծաղկաձորում անցկացվող «Բազե-2015» համահայկական հավաքի մասնակիցներին: Իր խոսքում Սեյրան Օհանյանն անդրադարձավ ռազմական գործի առանձնահատկություններին, հայկական զինված ուժերի զարգացման հեռանկարներին ու ժամանակակից մարտահրավերներին, ինչպես նաև խնդիրների լուծման ծրագրային մոտեցումներին: Պաշտպանության նախարարը պատասխանեց նաև բազեականներին հետաքրքրող հարցերին: «Ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում օրըստօրե համալրում ենք մեր զինանոցը, ձեռք ենք բերում ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա, որոնք ավելի ճշգրիտ և ավելի հեռահար են, և ընդհանուր առմամբ անվտանգության համակարգի մեջ զսպման մեխանիզմների ձևավորման հիմք են կազմում»,-նշեց Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մասին։ «Նպատակ է դրվել, որպեսզի յուրաքանչյուր զինվոր, պատասխանատվությունց բացի, իմանա նաև իր իրավունքները: Ի վերջո իրավունքների իմացության, արժանապատվության պահպանման համատեքստում ձևավորվում են համապատասխան կարողություններ, որոնք ասպետական հատկանիշներ են։ Զինված ուժերում արժանապատվության բարձր հատկանիշների պահպանումը կարևոր ուղղություն է։ Ես շատ դեպքերում հրամանատարներին հորդորում եմ, որ ավելի մեծ ուշադրություն դարձնեն մարդու անձնական սեփականության ամենակարևոր տարրին՝ արժանապատվությանը։ Արդեն իսկ այդ ուղղությամբ անցել ենք ծրագրային գործունեության՝ բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի, կաշառակերության դեմ պայքարի ծրագիր ունենք: Մոտ ժամանակներս պաշտպանության նախարարին կից ստեղծվելու է Բարեվարքության ամրապնդման և մարդու իրավունքների կենտրոն, որը նպաստելու է ազնվության և արդարության մթնոլորտի ձևավորմանը»,-նշեց նախարարը: Խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ պաշտպանության նախարարությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում պաշտպանության և անվտանգության խնդիրների վերաբերյալ քննարկումներին. «Տարբեր քննարկումների, փոխլրացումների, լրամշակումների միջոցով մենք մեր առաջարկությունները ներկայացնում ենք: Կարող եմ ասել, որ պաշտպանության և անվտանգության խնդիրները սահմանադրական փոփոխությունների փաթեթում երաշխավորված են, և ավելին՝ երաշխավորված է հրամանատարական և կառավարման ուղղահայացը: Քննարկումները դեռ շարունակվում են և այդտեղ անհանգստանալու կարիք չկա»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր