211652_close_icon
views-count1305 դիտում article-date 17:00 12-08-2015

Տպավորված եմ Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներով. Ուկրաինայի դեսպան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում կրթության և գիտության ոլորտում հայ-ուկրաինական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն աջակցելու համար: Նախարարը գոհունակությամբ է ընդգծել, որ երկկողմանի կապերի ձեռքբերումներից մեկը Երևանի թիվ 42 ավագ դպրոցում Տ. Շևչենկոյի 200-ամյակին նվիրված դահլիճ-թանգարանի հանդիսավոր բացումն էր: Արմեն Աշոտյանը դեսպանին տեղեկացրել է, որ վերոնշյալ դպրոցը ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ ընդգրկվել է այն ուսումնական հաստատությունների ցանկում, որոնք այս տարի Համաշխարհային բանկի աջակցությամբ հիմնովին կվերանորոգվեն: Նախարարը շնորհակալություն է հայտնել Երևանում կայացած Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի գլխավորած պատվիրակությանը` գագաթաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար: Դեսպանն իր հերթին երախտագիտություն է հայտնել համագործակցված ու արդյունավետ աշխատանքի համար ՝շեշտելով, որ իր համար մեծ բավականություն է եղել աշխատել Հայաստանում: Իվան Կուխտայի խոսքով` Շևչենկոյի 200-ամյակին նվիրված դահլիճ-թանգարանի բացումն իրավամբ համարվում է հայ-ուկրաինական ջերմ հարաբերությունների ապացույցը: Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև կապերի ամրապնդման հեռանկարները և նոր հնարավորությունները միջազգային կրթական հարթակներում, մասնավորապես, Արևելյան Գործընկերության, ինչպես նաև Էրազմուս+ և Հորիզոն 2020 ծրագրերի շրջանակում: Կողմերը վստահություն են հայտնել, որ կրթության համակարգում հայ-ուկրաինական համագործակցությունը ունի զարգացման մեծ ներուժ, քանի որ երկու երկրների կրթական համակարգը գնում է միևնույն` եվրոպական կրթական ստանդարտների համապատասխանեցման ճանապարհով, ուստի երկրներից մեկի կրթական բարեփոխումների արդյունավետ փորձը կարող է օգտակար լինել մյուսի համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև փոխադարձ համագործակցությանը վերաբերող այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր