3158 դիտում
20:41 17-07-2015
Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ:
Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
(կենսագրություն)
Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը (ավազանի անունը՝ Վազգեն) ծնվել է 1971 թ. Գյումրիում:
1988-1994 թթ. ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
1994 թ. ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի:
1995 թ. գերազանցությամբ ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը` պաշտպանելով ավարտաճառ «Խոսրով եպիսկոպոս Անձեւացու Ժամակարգութեան մեկնութիւնն ու աստուածաբանութիւնը (նորագիւտ ձեռագրերով եւ մատենագիտական ուսումնասիրութեամբ)» թեմայով:
1995 թ. հուլիսի 23-ին` Ս. Պայծառակերպության տոնին, ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
1996 թ. նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր: Միևնույն ժամանակ նշանակվել է նորահաստատ Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի փոխտնօրեն՝ վարելով ուսուցիչների պատրասման ծրագիրը Հայաստանի Արմավիր, Մասիս, Արտաշատ, Ապարան քաղաքներում և Երևանի Ամերիկյան համալսարանում: Հիմնադիր անդամն է քրիստոնեական առաջին՝ «Կանթեղ» հեռուստածրագրի: Գևորգյան և Վազգենյան ճեմարաններում դասավանդել է «Սուրբ Պատարագի մեկնություն», «Շարականագիտություն» և «Ընդհանուր Եկեղեցու պատմություն» առարկաները:
1996-1998 թթ. առկա պաշտոններին զուգահեռ եղել է Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիրը:
1998-2000 թթ. սովորել է Անգլիայի Լիդձ քաղաքի համալսարանում և Մըրֆիլդի Սուրբ Հարության Աստվածաբանական քոլեջում՝ մասնագիտանալով աստվածաբանական և հովվական ուսումնասիրության մեջ և ստանալով բակալավրի աստիճան: Միևնույն ժամանակ եղել է Մեծ Բրիտանիայի հայոց թեմի Մանչեսթրի Ս. Երրորդություն եկեղեցու այցելու հովիվը:
1996-2000 թթ. եղել է Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի կազմակերպման կենտրոնական մարմնի անդամ:
2000 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչ:
2002 թ. պաշտպանել է «Հիւանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» թեմայով վարդապետական թեզը և ստացել մասնավոր վարդապետության 4 աստիճանները:
2002 թ. զուգահեռ նշանակվել է նաև Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի խորհրդի նախագահ, եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ և վարել է հեղինակային՝ «Ճանաչենք Ավետարանը» հեռուստահաղորդումների շարքը:
2002 թ.-ին զուգահեռաբար նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ:
2003 թ. մայիսին ընտրվել է Հայ Եկեղեցու Կանադայի հայոց թեմի առաջնորդ:
2003 թ. հունիս 22-ին Սուրբ Էջմիածնի տոնին ձեռնադրվել է եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
2008 թ.-ին երկրորդ անգամ վերընտրվել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ:
2012 թ. սեպտեմբերի 21-ին Մոնրեալի Քոնքորդիա համալսարանում պաշտպանել է աստվածաբանության և կենսաբանական բարոյագիտության դոկտորական թեզ «Հայաստանի առողջապահական համակարգը. պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը, անցյալը ներկան և ապագայի զարգացման հեռանկարը» խորագրով:
2013 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն:
Հրատարակել է բազմաթիվ աստվածաբանական, հրապարակախոսական, քարոզխոսական, մշակութային հոդվածներ, «Հիւանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» աշխատությունը, «Խոհեր» հոգևոր-խորհրդածական գրքույկը:
2013 թ. արժանացել է Անգլիայի Եղիսաբեթ Բ թագուհու ադամանդյա հոբելյանի մեդալին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
712 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
733 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»