211652_close_icon
views-count3968 դիտում article-date 14:12 16-07-2015

Ռուսական արվեստի թանգարանում ներկայացվելու է Մինաս Ավետիսյանի «Մենք այստեղ ապրել ենք: Ջաջուռ» կտավը

2015 թվականի հուլիսի 20-ին լրանում է հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 86-ամյակը: «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը, համագործակցելով Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մորիցբուրգ թանգարանի հետ, նկարչի 85-ամյա հոբելյանի շրջանակներում 2014 թվականի փետրվարի 21-ին ներկայացրեց «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» խորագիրը կրող ինքնատիպ ցուցահանդեսը: Այն կայացավ Գերմանիայի Հալլե քաղաքում` գործելով մինչև 2014 թ. մայիսի 4-ը: Այս ցուցահանդեսի շնորհիվ Գերմանիայում առաջին անգամ երկու սերունդների հայ նկարիչների աշխատանքները ներկայացվեցին համատեղ: «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսի շրջանակներում «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի ջանքերով և Մորիցբուրգ թանգարանի աջակցությամբ հրատարակվեց եռալեզու (գերմաներեն, հայերեն, անգլերեն) պատկերագիրք, ուր տեղ են գտել Մինասի կյանքն ու ստեղծագործական ուղին լուսաբանող տարբեր նյութեր և բացառիկ լուսանկարներ: Պատկերագրքում ընդգրկված է նաև նկարչին նվիրված էսսե, որտեղ արվեստի պատմության գերմանացի պրոֆեսոր, պատվավոր դոկտոր Վիլհեմ Շլինկը բարձր է գնահատում Մինասի արվեստը՝ այն դիտարկելով միջմշակութային համատեքստում: Պատկերագրքի և պաստառների համար Մորիցբուրգի թանգարանի կողմից ընտրվեց Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա.Աբրահամյանի հավաքածու) գտնվող Մինաս Ավետիսյանի «Մենք այստեղ ապրել ենք: Ջաջուռ» միակ ստեղծագործությունը: Եվ այդպիսով իսկ գերմանացիների կողմից արված այս ընտրությունը էլ ավելի կարևորեց թանգարանում գտնվող մեծանուն նկարչի վրձնին պատկանող միակ կտավի նշանակությունը և արժեքը: 2015 թվականի հուլիսի 19-ին` ժամը 14:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) «Մշակութների երկխոսություն» հիմնադրամի հետ համա­տեղ արվեստասեր հասարակությանը կներկայացվի Մինաս Ավետիսյանի «Մենք այստեղ ապրել ենք: Ջաջուռ» կտավը, հնարավորություն կնձեռնվի հանդիպել Մինաս Ավետիսյանի կրտսեր որդու՝ Նարեկ Ավետիսյանի հետ, ինչպես և ներկա գտնվել «Մինաս և Նարեկ Ավետիասյան. Մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսին:

Նմանատիպ նյութեր