211652_close_icon
views-count1191 դիտում article-date 16:48 15-07-2015

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Լոռու մարզում

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Լոռու մարզում: Համաձայն <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին>> ՀՀ օրենքի` ներկայում ՀՀ Լոռու մարզի խոշոր լեռնամետալուրգիական ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարներից հատկացվում են սուբվենցիաներ ՀՀ Լոռու մարզի ազդակիր 8 համայնքի: 2014 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված սուբվենցիայի գումարից Ալավերդի, Ախթալա, Աքորի, Հաղպատ, Օձուն և Հագվի համայնքներին հատկացվել էր 216 մլն 688 հազար դրամ, իսկ 2015 թվականին 150 մլն 509 հազար դրամ է հատկացվել Ալավերդի, Աքորի, Հաղպատ և Օձուն համայնքների բնապահպանական ծրագրերի իրականացման համար: Հատկացված սուբվենցիաներով համայնքներում իրականացվել են խաղահրապարակների կառուցում, Ալավերդու Էնգելս թաղամասում գտնվող զբոսայգու կառուցապատում, համայնքային ճանապարհների վերանորոգում, նոր ճանապարհների և կոյուղագծերի կառուցում: Ալավերդու քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել են 2014թ. հատկացված սուբվենցիաների միջոցով իրականացված բնապահպանական ծրագրային միջոցառումների արդյունքները և 2015թ. նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը, ինչպես նաև Լոռու մարզի բնապահպանական խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, բնապահպանական վճարներից սուբվենցիաներ ստացած Ալավերդի, Ախթալա, Աքորի, Հաղպատ, Օձուն և Հագվի համայնքների ղեկավարները, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պետերը, ՀՀ ԲՆ տարածքային բաժինների ղեկավարները: Համայնքի ղեկավարները բնապահպանության նախարարին առաջարկել են այնպես անել. որ համայնքներին սուբվենցիաներ տրամադրվի ամեն տարի` առանց ընդհատումների: Նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ տրամադրվող սուբվենցիաների ընդհատման պատճառն այն է, որ համայնքները նախորդ տարիներին նախատեսվածից ավելի շատ են պահանջել և ստացել գումարներ, ինչի արդյունքում առաջիկա տարում որոշ համայնքների հատկացում չի նախատեսվում: Նախարարը հայտնել է, որ պետք է մշակվի այնպիսի մեխանիզմ, որով ամեն տարի համայնքները որոշակի համամասնությամբ ստանան սուբվենցիաներ, և հավելել, որ հանքարդյունաբերող ընկերություններում ստուգումներ անցկացնելու ժամանակ Բնապահպանության նախարարությունը համապատասխան մեխանիզմներով հաշվարկելով շրջակա միջավայրին հասցվող վնասը, օրենսդրական հիմնավորումներով վերջիններիս կառաջարկի ավելացնել բնապահպանական վճարները: Համայնքապետերը բարձրացրել են նաև ոչ մետաղական հանքերից բնապահպանական վճարներ հարկելու խնդիրը: ՀՀ բնապահպանության նախարարը հայտնել է, որ բարձրացված խնդիրը կքննարկվի և գործող օրենքների շրջանակում լուծում կտրվի, կարվի ամեն ինչ ի շահ համայնքների և շրջակա միջավայրի` հիշեցնելով նաև, որ բոլոր հանքարդյունաբերող ընկերություններն իրենց նախագծերում ազդակիր համայնքների համար սոցիալական աջակցության ծրագրեր ունեն: ՀՀ բնապահպանության նախարարը, պատասխանելով համայնքապետերին հետաքրքրող հարցերին, պատրաստակամություն է հայտնել արագ արձագանքել նրանց կողմից բարձրացվող ցանկացած բնապահպանական խնդրի և համապատասխան հանձնարարականներ տվել ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Նախարարն այցելել է Ալավերդու Էնգելս թաղամասում գտնվող զբոսայգու շինհրապարակ: Զբոսայգու կառուցման համար 2014թ. սուբվենցիաներից հատկացվել էր 36 մլն 788 հազար դրամ, իսկ ծրագրի շարունակության համար 2015-ին` 31 մլն 214 հազար դրամ: Արամայիս Գրիգորյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին և դրանց ավարտման ժամկետներին: Նախարարն այցելել է նաև ՀՀ ԲՆ ‹‹Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի Լոռու տարածաշրջանի լաբորատորիա: Նախարարը տեղում հետևել է լաբորատոր աշխատանքներին: Տարածքային ստորաբաժանման ղեկավարը ներկայացրել է ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող մթնոլորտային օդի և մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի արդյունքները:

Նմանատիպ նյութեր