211652_close_icon
views-count22877 դիտում article-date 13:17 15-07-2015

Հայաստանը՝ կամուրջ Էկվադորի և ԵԱՏՄ-ի միջև. Վարդան Հարությունյան

Մի քանի ամիս առաջ Արդարադատության նախարարությունում գրանցվեց «Հայ-էկվադորական բարեկամություն» հասարակական կազմակերպությունը, որը արդեն ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանի և Էկվադորի ժողովուրդների միջև հարաբերությունների սերտացման ուղղությամբ, մասնավորապես, համախմբել է Հայաստանում գտնվող էկվադորցիներին՝ վերջիններիս տարբեր բնույթի անվճար աջակցություն տրամադրելով: Կազմակերպության ստեղծման պատճառների և առաջիկա ծրագրերի մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հարցերին պատասխանեց «Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը: [b]-Ինչպե՞ս ծնվեց կազմակերպություն հիմնելու գաղափարը և ինչո՞ւ հատկապես ընտրվեց Էկվադորը: [/b] -Առաջին անգամ Էկվադոր այցելել եմ 2013-ին: Էկվադորում ծանոթներ ունեի, ովքեր հրավիրել էին իրենց երկիր: Գիտեի, որ աշխարհի քարտեզի վրա առևտրային-մշակութային շատ կարևոր հանգույց է Էկվադորը: Ի վերջո, որոշեցի այցելել: Երկու ապշեցուցիչ հանգամանք կար. որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, առաջինը հայերի և էկվադորցիների նմանությունն էր, երկրորդը՝ մեր երկրի ու ժողովրդի վերաբերյալ, կարելի է ասել, բացարձակ անտեղյակությունը: Օդանավակայանից սկսած խնդիրներ ծագեցին. շատ քչերն էին տեղյակ Հայաստանից ու հայկական մշակույթից: Մինչդեռ Էկվադորում կան հայկական բացահայտ «հետքեր». Արմենիա անվամբ թաղամաս, այգի, գյուղական համայնք: Հենց առաջին այցի ընթացքում հասկացա, որ օր առաջ պետք է նոր մակարդակի վրա բարձրացնել հայ-էկվադորական հարաբերությունները. դա բխում է երկու ժողովուրդների շահերից: [b]-Ի՞նչ կտա Հայաստանին՝ Էկվադորի հետ հարաբերությունների ջերմացումը: [/b] -Նախ՝ Էկվադորը կարևոր առևտրային կենտրոն է ոչ միայն Լատինական Ամերիկայի, այլև Միացյալ Նահանգների, Եվրոպայի և նույնիսկ Եվրասիական տնտեսական միության համար: Էկվադորին է բաժին հասնում մի շարք ապրանքների համաշխարհային արտահանման առյուծի բաժինը, օրինակ՝ բանանի, կակաոյի, սուրճի, էկզոտիկ բազմաթիվ մրգերի, բնական դեղորայքի, յուրօրինակ ծովամթերքի, շաքարավազի, ծաղկի և այլն: Այսինքն՝ տնտեսական կապերի հաստատումը հնարավորություն կտա ոչ միայն բազմաթիվ ապրանքներ Հայաստան ներկրել առանց միջնորդների, այլև ճիշտ աշխատանքի դեպքում Հայաստանն ինքը կարող է դառնալ միջնորդ էկվադորական ապրանքի՝ այլ երկրներ ներկրման համար: Մյուս՝ ոչ պակաս կարևոր խնդիրը քաղաքակրթական ճանաչելիությունն է. երկու քրիստոնյա, բնավորությամբ ու խառնվածքով շատ նման, պատմական-մշակութային բազմաթիվ ընդհանրություններ ունեցող ժողովուրդներ իրար մասին ոչինչ չգիտեն: [b]-Ձեր կազմակերպությունը գրանցվել է այս տարվա մայիսին. ի՞նչ եք հասցրել անել: [/b] -Իրական հարաբերությունների հիմքում միշտ պետք է մարդը լինի, այդ պատճառով նախ փորձել ենք աշխատել սովորական մարդկանց համար: Առաջին հերթին փորձել ենք գտնել Հայաստանում ապրող էկվադորցիներին. վերջիններս Հայաստանում կարող են մնալ տարվա ընթացքում 120 օր: Օրենքը չխախտելու համար էկվադորցիները անընդհատ գալիս ու գնում են՝ հիմնականում շրջելով տարածաշրջանում՝ Իրան, Թուրքիա, Վրաստան, Ռուսաստան: Այս մի քանի ամիսների ընթացքում մոտ 20 էկվադորցու իրավական, խորհրդատվական, տրանսպորտային անվճար ծառայություններ ենք մատուցել, կազմակերպել ենք հայերենի արագացված դասընթաց, կապեր ենք ստեղծել նաև էկվադորցիների միջև՝ Երևանում ծանոթացնելով միմյանց հետ: Էկվադորցիների մեծամասնությունն արդեն մեր կազմակերպության անդամ է: Իհարկե, աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե դիվանագիտական ուղղակի հարաբերություններ լինեին, որովհետև անգամ փոքր հարցերի դեպքում Էկվադորի քաղաքացիները ստիպված Մոսկվա են գնում: Ամեն դեպքում, աշխատանքը սկսված է, և դեռ բազում անելիքներ կան: Պետք է նշեմ նաև, որ չնայած կարճ ժամանակահատվածին՝ Էկվադորի պետական մարմիններն արդեն նկատել են մեր գործունեությունը և մի քանի շնորհակալագրեր ունենք՝ էկվադորցիներին աջակցելու համար: Մյուս կողմից, Էկվադոր կատարած երկրորդ այցի ժամանակ այնտեղի հայերին համախմբելու փորձ արեցինք: Էկվադորում կազմակերպված հայկական համայնք չկար. մոտ 40 ընտանիք կա, որոնք մեծ սեր և հարգանք են վայելում էկվադորցիների շրջանում, օրինակ՝ Դավիթ Հարությունյանը, ով Գուայաքիլիի սիմֆոնիկ նվագախմբի տնօրենն է: Ներկայում մեր կազմակերպությունը աշխատանքներ է տանում Էկվադորում հայ համայնքի ձևավորման ուղղությամբ և առաջիկայում մեր հայրենակիցները հանդես կգան որպես համախմբված համայնք: [b]-Արդյո՞ք հեռանկարներ եք տեսնում քաղաքական ոլորտում երկու երկրների համագործակցության հարցում: [/b] -Մինչ այժմ հայ-էկվադորական հարաբերությունները առավելապես պասիվ են եղել, քանի որ մի կողմից եղել է ինֆորմացիայի պակաս, մյուս կողմից՝ կարծես թե մտածել են, թե այսքան հեռու տարածության վրա հնարավոր չէ բարեկամությունը: Իրականում դա պարզապես անհաջող արդարացում է: Էկվադորը Լատինական Ամերիկայում շատ լուրջ քաղաքական կշիռ ունեցող երկիր է: Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում առկա հարցերի շուրջ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորում, կարելի է ակնկալել Էկվադորի աջակցությունը: Այնտեղ ապրող մարդիկ անկեղծ են ու սկզբունքային, հետևաբար հանդես են գալիս բացառապես ճշմարտության և պատմական արդարության տեսանկյունից: Չի կարելի անտեսել էկվադորյան գործոնը, մանավանդ որ երկու ժողովուրդների բնութագրերն ու արժեքներն այնքան նման են, որ վստահաբար կարելի է խոսել փոխադարձ համակրանքի մասին, որն էլ կարող է գործընկերային շատ ամուր հարաբերության հիմք հանդիսանալ: Լուրջ հեռանկարներ կարող են ունենալ նաև հայ-էկվադորական տնտեսական հարաբերությունները. օրինակ՝ Հայաստանը կարող է կազմակերպել էկվադորական ապրանքի մուտքը ԵՏՄ՝ Հայաստանը վերածելով ցատկահարթակի, որտեղից կարելի է ապրանքներն արտահանել ԵՏՄ երկրներ: Դա ենթադրում է համապատասխան ներդրումներ հայաստանյան տնտեսության մեջ, ենթակառուցվածքներում: Սակայն նման հեռանկարներն իրատեսական դարձնելու համար ահռելի ծավալի աշխատանք է պետք իրականացնել: Որպես առաջին քայլ կարելի է դիտարկել՝ Հայաստանում էկվադորական ապրանքների ցուցահանդեսի կազմակերպումը: Գործարար կապերի ստեղծումն անհրաժեշտություն է, միայն այդ պարագայում հնարավորություն կստեղծվի օգտագործելու առկա ներուժը: [b]-Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ առաջին միջոցառումը հենց նմանատիպ ցուցահանդեսն է լինելու: [/b] -Աշխատում ենք այդ ուղղությամբ. մինչև տարեվերջ կփորձենք դա իրականություն դարձնել: Բացի դրանից՝ մի քանի այլ ծրագրեր ևս կան: Օրինակ՝ Էկվադորի մշակույթի գործիչներին ու մասնավորապես էթնիկ ժանրի երգիչ-երգչուհիներին հրավիրել Հայաստան, իսկ հայ գործիչներն ու արվեստագետները կհրավիրվեն Էկվադոր: Փորձելու ենք աստիճանաբար սերտացնել երկու երկրների միջև առկա հարաբերությունները բոլոր ոլորտներում Կարծում եմ՝ հետևողական աշխատանքի դեպքում կարելի է փոխընդունելի լուծումներ գտնել՝ ի նպաստ հայ և էկվադորցի ժողովուրդների:

Նմանատիպ նյութեր